Մահացել է ռուս հայտնի դերասանուհի Իրինա Միրոշնիչենկոն
81 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Միրոշնիչենկոն։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դպրոց-ստուդիայի ռեկտոր Իգոր Զոլոտովիցկին։
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Միրոշնիչենկոն վերակենդանացման բաժանմունքում է։ ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ նա սրտի կանգ է ունեցել։ Բժիշկներին հաջողվել է վերականգնել դերասանուհու սրտի բաբախյունը։ Նախկինում նրա մոտ ախտորոշվել էր հիպոֆիզի ադենոմա (բարորակ ուռուցք):
Նշվում է նաև, որ դերասանուհուն հիվանդանոց են տեղափոխել գրիպի ծանր ընթացքով։
Իրինա Միրոշնիչենկոն ծնվել է 1942 թվականի հուլիսի 24-ին Բառնաուլում։ 1961 թվականին ընդունվել Է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա։ Երրորդ կուրսում կատարել է նորամուտը կինոյում՝ նկարահանվելով Գեորգի Դանելիայի «Ես քայլում եմ Մոսկվայում» («Я шагаю по Москве») ֆիլմում։
Դպրոց-ստուդիան ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, խաղացել է բազմաթիվ ներկայացումներում և ֆիլմերում։
Կինոյում դերասանուհու առաջին մեծ աշխատանքը եղել է հետախույզ Գալինա Օրտինսկայայի դերը «Նրանց ճանաչում էին դեմքով» (1966) ֆիլմում։