Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող
Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը Մ23 տարեկանների պայքարում ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտի 221 կգ արդյունքով (96+125) զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Գյուրջյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում, իսկ պոկումում արժանացել է փոքր բրոնզին, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Մ23 տարեկանների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը նվաճել է երիտասարդական ԵԱ-ի արծաթե մեդալը՝ երկամարտում գրանցելով 370 կգ (163+207) արդյունք: Չեմպիոնի կոչմանն արժանացած վրացի ծանրորդին Պետրոսյանը զիջել է ընդամենը 1 կգ-ով: Պետրոսյանը փոքր արծաթե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:
Հիշեցնենք՝ 20-ամյա Պետրոս Պետրոսյանը Երևանում ապրիլին անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությունում երկամարտի 379 կգ արդյունքով (165+214 կգ) զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը և դարձել բրոնզե մեդալակիր:
Հայաստանի ներկայացուցիչներից Մ20 տարեկանների պայքարում երկամարտի բրոնզե մեդալը նվաճել է նաև +87 կգ քաշային Ջուլիետա Ավանեսյանը՝ երկամարտի 214 կգ (96+118) արդյունքով: Հայ մարզուհին նաև փոքր բրոնզե մեդալի է արժանացել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 96 կգ կշռող ծանրաձողը:
Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդներն արդեն 5 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել:
Մ23 տարեկանների պայքարում ավելի վաղ երկամարտի ոսկե մեդալներին արժանացել են նաև Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Գառնիկ Չոլակյանը (61 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) դարձել է արծաթե մեդալակիր:
Մինչև 20 տարեկանների պայքարում էլ չեմպիոնի կոչմանն արժանացել են Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (102 կգ): Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան