ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի խնդրով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին մտահոգում են Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատության հետ կապված խնդիրների մասին հաղորդագրությունները: Այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի մեկնաբանության մեջ, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված պահպանվող խնդիրների մասին հաղորդագրություններով», - նշել է Հաքը։
Նրա խոսքով` գլխավոր քարտուղարը հիշեցնում է իր նախորդ հայտարարությունն այն մասին, որ կողմերը պետք է կատարեն միջազգային դատարանի որոշումները, այդ թվում` 2023 թվականի փետրվարի 22-ի վճիռները, ինչպես նաև այն որոշումները, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքի երկու ուղղություններով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի ապահովմանն ուղղված միջոցառումներին։
«Նա հատկապես մտահոգված է «գետնի վրա» հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ միջոցներ ձեռնարկել հասանելիությունը հեշտացնելու համար` կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով»,-նշել է Հաքը։
Նա հավելել է, որ գլխավոր քարտուղարը երկու կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ` ի շահ խաղաղության և հանուն տարածաշրջանում անվտանգության:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին