Զեղչերն իրական են, թե՞ ոչ. ՄՊՀ-ն ուսումնասիրություն է անցկացրել
2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ են մտել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ զեղչերի և այլ ակցիաների համար «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կարգավորումները: Մինչ այդ ՀՀ-ում ակցիաների առնչությամբ հստակ իրավակարգավորումներ առկա չէին:
Հանձնաժողովից մանրամասնում են՝ առանցքային նորամուծություններից մեկն այն էր, որ օրենքով հստակ պահանջ սահմանվեց՝ ապրանքի գնի նվազեցումը պետք է իրականացվի նախորդ ամսվա վաճառքի միջին գնից: Կարգավորումը նպատակ ուներ բացառել մոլորեցնող զեղչերը, երբ օրինակ՝ տնտեսավարողները զեղչ հայտարարելուց մեկ-երկու օր առաջ բարձրացնում են ապրանքների գները, այնուհետև զեղչը հաշվարկում այդ բարձր գնից:
ՄՊՀ-ն մեկ տարվա ընթացքում շուրջ 80 ակցիաների ուսումնասիրության արդյունքում հարուցել է 35 վարույթ: Դրանցից 34-ն արդեն ավարտվել է, որոնցով պատասխանող տնտեսավարողներից 31-ը ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը: Ընդունված որոշումների արդյունքում տնտեսավարողների նկատմամբ ընդհանուր կիրառվել է շուրջ 86,2 մլն ՀՀ դրամի չափով տուգանք և 15 նախազգուշացում։
«Ըստ դիտարկումների՝ խախտումներն էականորեն նվազել են, և զեղչերն այժմ առավել իրատեսական են: Դրական է նաև այն փաստը, որ իրավախախտումներ թույլ տված տնտեսավարողների մեծ մասն ընդունել է խախտումը: Այնուամենայնիվ, ակցիաների միջոցով հասարակությանը մոլորեցնելու փորձերը դեռևս եզակի չեն, ուստի ՄՊՀ-ն շարունակելու է խոշորացույցի տակ պահել ոլորտը»,-նշել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Տնտեսավարողների համար
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով ակցիաների, այդ թվում՝ զեղչերի համար սահմանված կարգավորումների վերաբերյալ առավել մատչելի տեղեկատվությունը՝ հաճախ տրվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներով, հասանելի է հանձնաժողովի կայքում հետևյալ հղմամբ՝ http://bit.ly/3DtfOEx :
Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսի չափով տուգանք:
Սպառողների համար
Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ խախտումների մասին հաղորդումներ կարող եք ներկայացնել թղթային եղանակով, էլեկտրոնային փոստով [email protected] , ինչպես նաև առցանց` www.competition.am կայքի միջոցով՝ https://ef.competition.am/#/ep/clientcontrol/permit-list :
Հիմնական կարգավորումներին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/pKLN3 :
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան