Արամ Նիկոլյան. Նյութականով ինձ չեն կարող պատժել, վախեցնել
Այս տարվա ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայազգի 4 զինծառայողներ՝ սպաներ զոհվեցին, 6-ը վիրավորվեցին:
Հայ զինծառայողների սպանությունից 3 օր անց և նրանց հուղարկավորության օրը՝ ապրիլի 14-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կազմակերպել էր ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն այրեց Ադրբեջանի դրոշը և դուրս հանեց դահլիճից։ Նա անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց:
168.am-ը գրում է. «Փաշինյանի և միջոցառմանը ներկա անվտանգության աշխատակիցներն անմիջապես հարձակվեցին նրա վրա, բերման ենթարկեցին ոստիկանության Մալաթիայի բաժին: Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից Հանրային հեռուստաընկերությանը հրահանգվեց աշխատանքից ազատել Հանրային հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավար Արամ Նիկոլյանին՝ Ադրբեջանի դրոշն այրելու համար: Ադրբեջանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց: Նիկոլ Փաշինյանի հրահանգով անմիջապես գործի դրվեցին ողջ ռեսուրսները՝ Արամ Նիկոլյանին պատժելու, սոցցանցերում սպառնալիքներով հարձակումներ կազմակերպելու… ՔՊ-ական և ՔՊ-ամերձ պատգամավորներ, շոու-բիզնեսի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մամուլով և ֆեյսբուքներով հայտարարություններ արեցին՝ ամոթանք տալով Նիկոլյանին… ոմանք էլ սպառնացին հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ: Մի կողմից՝ թշնամին՝ Ադրբեջանը, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանական վերնախավը՝ իր ֆեյք արշավախմբերով, ինչպես նաև իշխանամերձ շրջանակները…
Ինքը՝ Արամ Նիկոլյանը զղջում իր արարքի համար։ «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է.
Շատերը սկսեցին մանիպուլացնել իմ արարքը, մի մասը հերոսացնում էր, մի մասը՝ հայհոյում, զրպարտում էին ինձ ու արարքս, իրականում այդ արարքս իմ մեսիջն էր՝ ուղղված աշխարհին, Ալիևին, Ադրբեջանին, և ոչ թե՝ կոնկրետ անձանց: Անկախ նրանից՝ ով կլիներ մեր երկրի ղեկավարը, եթե նման կերպ վարվեր իմ երկրի հետ, նման աղետի հասցներ իմ երկիրը և այդ ամենից հետո նման բան թույլ տար՝ բարձրացնելով թշնամու դրոշը, անելու էի այդ նույն ակցիան:
Դա իմ անհամաձայնությունն էր տեղի ունեցածին: Իմ ներսում կուտակվել էր այդ ամենը… երբ տեսնում ես՝ 120.000 քո հայրենակիցներ բլոկադայի մեջ են, քո հայրենակիցներն են սպանվում, գերեվարվում, նոր զոհեր ենք ունենում, երբ քո հայրենակից զինծառայող կնոջը դաժանաբար սպանում են՝ մասնատելով նրա մարմինը… ես չէի կարող լռել:
Իմ ազգն ինձ համար հերոսական է:
Ակցիայի օրերին ինձ համար հայհոյողներն ու ինձ հերոսացնողները նույնն էին. ես հերոսական քայլ չեմ արել, ընդամենը ես իմ գործով իմ անհամաձայնությունը, անհանդուրժողականությունն եմ արտահայտել այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է իմ երկրում:
Բավականաչափ ինֆորմացիա ունենալով Հայոց ցեղասպանության մասին, երբևիցե չէի մտածի, որ այսօր նման երևույթի ականատես կլինեմ և կտեսնեմ՝ ինչպես է դա սկսվում:
Հայաստանի ցանկացած ղեկավարի օրոք, եթե ապրեինք նույն աղետալի, նվաստացուցիչ վիճակը, պատերազմի նույն ելքը լիներ, ես նույն ակցիան կանեի:
Ես չէի հասկանում, շատ տարօրինակ էր՝ ընդամենը վառել էի թշնամու դրոշը, ակցիա՝ ուղղված աշխարհի լռության դեմ, ես մարդ չէի սպանել, հետևաբար՝ ինչո՞վ էին պայմանավորված իմ երկրում այդպիսի հարձակումներն իմ դեմ:
Ինձ համար անընդունելի էր, երբ ընդամենը մի քանի օր առաջ իմ երկրի սուվերեն տարածքում դարձյալ հայ տղաներ էին սպանվում, և հենց այդ օրը, երբ հուղարկավորվում էին 4 հայ սպաներ, վիրավորվում 6 հայ զինվորներ, Եռաբլուրից ընդամենը 300 մետր հեռավորության վրա բարձրացվում է թշնամու դրոշը… դա անընդունելի էր:
Լռել և այս իրականությունը չտեսնել, անտարբեր լինել՝ անթույլատրելի է:
Տեղ գյուղում ադրբեջանցիների կողմից սպանված հայազգի 4 զինծառայողների թաղման օրը բարձրացնում են Ադրբեջանի դրոշը… ես չեմ կարող տեսնել իմ ազգին թշնամու առջև ծնկի իջած: Դա իմ ստացած դաստիարակության արտահայտությունն էր, դա բողոք էր ընդդեմ աշխարհի լռության: Լռել դրա մասին, աչքերը փակել իրականության առջև՝ անկարելի է: Դա ընդամենն իմ անհամաձայնությունն էր կատարվող իրականության հանդեպ:
Խաղաղության գնալը միակողմանի չի լինում, մինիմում գոնե զոհեր չպետք է լինեն: Մինչ օրս շարունակվում են նրանց կողմից ոտնձգությունները:
Ինձ ճանաչող շատ մարդկանց համար իմ արարքը, բեմի վրա իմ գոռոցն անսպասելի էր, բայց ինձնից նման քայլ չսպասելը չի նշանակում, որ չունեմ ձայն բարձրացնելու իրավունքը, երբ քո հայրենակից կին զինծառայողին սպանում ու մասնատում են…
Ինձ համար տարօրինակ էր, որ վերջին շրջանում հանուն Արցախի և ընդդեմ Լաչինի շրջափակման տեղի ունեցած հավաքների ընթացքում քիչ էր մարդկանց թիվը, ի պաշտպանության շրջափակման մեջ գտնվող արցախահայության՝ հավաքների ժամանակ քիչ էին Հայաստան տեղափոխված արցախցիները: Սա հարց է, որը քաղաքականության հետ կապ չուներ, սա մարդկանց լինել-չլինելու հարց է:
Ինձ համար սրբազան բաներ կան՝ իմ երկիրը, իմ հավատքը և մեր մշակույթը: Իմ երկրի, մշակույթի համար աշխատելը նյութականից վեր արժեք է: Նյութականով ինձ չեն կարող պատժել, վախեցնել:
Ես մասնակցեցի հանուն արցախահայության այդ ակցիաներին, որովհետև մտածում եմ՝ ինքս մի բան անել, որ գոնե մի 10 հոգու արթնացնեմ նիրհից, դուրս գան այդ անտարբերությունից:
Ինչո՞ւ են շատերը լռում. դժվար է ասել, բայց զրույցներից հասկացա, որ կարող է և վախը լինի պատճառը, մինչդեռ սա հայկական պետականության, մշակույթի, լինել-չլինելու հարց է, սա կուսակցական պայքարի հարց չէ…
44-օրյա պատերազմի ժամանակ մեր ատելյեն զրահաբաճկոններ, քնապարկեր էր կարում, ինձ համար ոչ պակաս ծառայություն էր ամուր թիկունք ապահովելուն նպաստելը, ես դա էի անում, որովհետև դա է ինձ մոտ լավ ստացվում, ամեն մարդ իր գործով պետք է ծառայի իր երկրին, այդ օրերին հայրս էր կռվում 44-օրյա պատերազմում, Հադրութում էր։
Արժանապատվության կորուստը գլոբալիզացիայի խնդիր է՝ աշխարհը գնում է դեպի անդեմություն, մարդկային արժեքի զրոյացում, և սա շատ վտանգավոր է հատկապես փոքր ազգերի համար։ Անտարբերություն, անսեռություն, անդեմություն է քարոզվում…
Մարդիկ այսօր չեն ուզում միտք դնել ստեղծագործության մեջ, փորձում են ավելի հեշտ ճանապարհով գնալ, այնինչ ամենաթանկ բանը միտքն է, գաղափարը: Հիմա ավելի վտանգավոր ալիք է գալիս՝ արհեստական բանականությունը, որն ինձ վախեցնում է, այս ամենի մեջ շատ կարևոր է ազգային մշակույթը, ազգային դիմագիծը, մշակույթը պահպանելն ու դրանով աշխարհին ներկայանալը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Նիկոլյանն ազատվել է աշխատանքից. Հ1-ի տնօրեն
- Արամ Նիկոլյանին արգելվում է մուտք գործել գրադարան և բոլոր ոստիկանական պահակակետեր ունեցող հիմնարկներ․ Կոչուբաև
- Մոտ օրերս ինֆորացիա կտարածենք․ Արամ Նիկոլյան
- Ադրբեջանը Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
- Փաստաբան. Նիկոլյանը դիմում չի գրելու, եթե նման բան լինի, հետևելու են դատական գործընթաց
- Դավիթ Թումասյան. Արամ Նիկոլյանի արարքում խուլիգանության հանցակազմը բացակայում է