Հենրիխ Դանիելյան. Հրաչյա Սարգսյանի՝ պաշտպանության փոխնախարար նշանակումն անարգանք է զինված ուժերի նկատմամբ
Երևանի նախկին քաղաքապետ, Փաշինյանի նախկին խորհրդական Հրաչյա Սարգսյանի նշանակումը պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում անարգանք է զինված ուժերի, պաշտպանության նախարարության, սպայի պատվի ու արժանապատվության նկատմամբ։
Լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական հնչեցրեց ՀՀԿ երիտասարդական միության նախագահ Հենրիխ Դանիելյանը։
«Այնտեղ ծառայել են մարդիկ, որոնք կյանք են դրել, որ մեր սահմաններն անառիկ լինեն, որ կարողանանք սուվերեն պահել մեր երկիրը։ Այսօր պաշըպանության փոխնախարար են նշանակել մի մարդու, որ պատերազմից օրեր անց հայտարարում է՝ 25 մլն դրամի ցախավել են գնել»,-ասաց ՀՀԿ-ական գործիչը։
Նրա գնահատմամբ, այսօրվա իշխանությունը պաշտպանության նախարարությունը սարքել է աշխատանքի ընդունման բյուրո, որտեղ բերում են «թոշակառուների»։
«Իշխանութունը փորձում է մաքսիմալ անլրջացնել կառույցը, բերել այստեղ ոչ կոմպետենտ մարդկանց, որ հետագայում ասեն, քանի որ մարդիկ կոմպետենտ չէին, մենք նոր զիջումներ ունեցանք։ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը տանում է դրան»,-ասաց Դանիելյանը։