«Ժողովուրդ». Ովքեր են մասնակցել և կլորիկ գումար փոխանցել ՔՊ դրամահավաքին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հուլիսի 31-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հանգանակել կուսակցությանը. ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 506 532 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1մլն 322 հազար դոլար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ին կլորիկ գումար փոխանցած գործարարների թվում է Արցախից փախած, Հայաստանում իր բիզնեսը ծաղկեցնելով զբաղված Արման Հակոբջանյանը:
Իշխանությունների «սրտի գործարար» Նարեկ Նալբանդյանը, որը հայտնի է իր աղմկահարույց գնումներով, ևս վճարել է ՔՊ ֆոնդին: Հիշեցնենք, որ վերջինս արտոնյալ պայմաններով գնել էր Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը 5 մլրդ դրամով, ինչպես նաև նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող շքեղ բնակարանի գնորդն էր՝ «փակովի տարբերակով»:
ՔՊ-ի դրամահավաքին մասնակցած գործարարներից են նաև «Արտ Լանչ» սննդի ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը, «Վիվառո» ընկերության սեփկանատերեր Վահե և Վիգեն Բադալյանները, որոնցից Վիգեն Բադալյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է: Նրանք, չի բացառվում, ուղիղ իրենց անունով արած չլինեն պարտադիր նվիրատվությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ողջ օրը փորձեց պարզել, թե որ գործարարը որքան գումար է հանգանակել ՔՊ-ին: Արման Հակոբջանյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել մեր հարցին, Նարեկ Նալբանդյանն ասաց, որ առաջին անգամ է լսում դրամահավաքի մասին, ինքը որևէ մասնակցություն չի ունեցել դրան, Դավիթ Երեմյանը նույնպես վստահեցրեց, որ մասնակցություն չի ունեցել այդ դրամահավաքին, իսկ Բակուր Մելքոնյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց: Արտակ Թովմասյանի գրասենյակից մեզ ասացին, որ մինչև օրվա ավարտը կպատասխանեն մեր հարցերին, բայց դեռ որևէ արձագանք չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի նրանցից, մի քանի գործարարների վրա էլ է դրված եղել, որ որևէ կերպ մասնակցեն ՔՊ դրամահավաքին և գումար փոխանցեն: Առաջիկայում մենք կհրապարակենք նաև մյուս նվիրատուների ցանկը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան