Վարդապետյանը և Մեհդի Սոբհանին քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ
Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
«Աննա Վարդապետյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելության մեկնարկի կապակցությամբ, նշել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մշտապես սերտ համագործակցել է Հայաստանում Իրանի դեսպանության հետ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանի հետ նույնպես սերտ համագործակցություն կապահովվի:
Դատախազությունների միջև համագործակցության խորացման և ընդլայնման համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է 2018 թվականի նոյեմբերի 14-ին Թեհրանում ստորագրված համագործակցության ծրագրով նախատեսված հերթական միջոցառումը՝ նվիրված հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման և արտերկրից վերադարձնելու ուղղությամբ երկու երկրների դատախազությունների միջև փորձի փոխանակմանը, անցկացնել 2023 թվականի ավարտին՝ Երևանում:
Անդրադառնալով իրանական կողմի՝ քրեական գործերի քննության ձգձգման վերաբերյալ դիտարկմանը, որոնցով մեղադրյալ կամ դատապարտյալներ են հանդիսանում Իրանի քաղաքացիները, Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ հարցը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում և հավելել, որ գրեթե բացառվում են դատախազի կողմից դատական նիստերին չներկայանալու հիմքով նիստերը հետաձգելու դեպքերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա