Սևանա լճի «ծաղկումն» այլևս պատկան մարմիններին հետաքրքիր չէ
Սևանա լճում զանգվածային ծաղկում չկա, ինչը ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյանը կապում է ջերմաստիճանի ցածր լինելու հետ։
Թեև հուլիսի վերջին և օգոստոսին ջերմաստիճանի բարձրացում նկատվել է, սակայն մասնագետը նշում է, որ չկա հատկացված բյուջե ՝ամռան ընթացքում փորձանմուշներ վերցնելու և հետազոտելու համար։
Նախորդ տարիներին Սևանա լճի «ծաղկումների» ժամանակ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտն ունենում էր գարնան, ամռան և աշնան ընթացքում լճի ջրից վերցված նմուշառումների արդյունքներ։ Այս տարի սահմանափակվել են միայն գարնան տվյալներով՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։
«Մեր պետությանը Սևանի «ծաղկումը» չի հետաքրքրում։ Այս տարի ասում են՝ ինստիտուտի բյուջեով սուղ են գումարները, չենք կարող հետազոտություն անել, իսկ պետությունը լրացուցիչ ֆինանսավորում չի նախատեսում։ Այս տարի իրականացվել է միկրոջրիմուռների հետազոտություն, որոնք 2018թ․-ից սկսած Սևանա լճում առաջացնում են ծաղկումներ։ Փորձանմուշներ վերցվել են գարնանը՝ լճի ափամաերձ շրջանից ու խորքային հատվածներից։ Մայիս ամսվա վերջում արձանագրվել է թույլ «ծաղկում»։ Այն պատկանել է կանաչ ջրիմուռների խմբին, բայց տոքսիկ (թունավոր) չէ, տեղային բնույթ է կրել։ Դրան պետք է հաջորդեր կապտականաչ ջրմուռների ակտիվացումը, որն արդեն թունավոր է։ Հետագա ջերմաստինային ռեժիմը ցածր է եղել և , ամենայն հավանակությամբ, չի համապատասխանել կենսածին տարրերի բարձր քանակությունների ռեժիմի հետ և մասսայական, այսինքն՝ ողջ ակվատորիայի տարածքով, այս տարի ցիանոբակտերիաների ծաղկում չենք տեսնում։ Ամեն դեպքում, լրացուցիչ ֆինանսավորում չունենք պետության կողմից, որպեսզի կարողանանք այժմ իրականացնել մոնիթորինգ։ Լավ կլիներ, որ լրացուցիչ մոնիթորինգ կատարվեր՝իրավիճակի ճշգրիտ պատկերն ունենալու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Համբարյանը։
Մասնագետի համոզմամբ՝ Սևանա լիճում համատարած «ծաղկում» չի արձանագրել ոչ այն պատճառով, որ ինչ-որ բան է արվել կամ նվազել են աղտոտման աղբյուրները, այլ եղանակային պայմաններն են նպաստել խնդրի մեղմանը։
«Ջրի մակարդակն ավելի ցածր է, քան նախորդ տարիներին։ Մենք կապում ենք ջերմաստիճանի ցածր ռեժիմի հետ։ Հարց կար դրված մաքրման կայանների տեղադրման հետ կապված, աղտոտվածության աղբյուրները բացահայտելու, նորից վերագրանցելու , այս աշխատանքները չեն արվել, հետևաբար լճի այս պահի դրությամբ քիչ,թե շատ բարվոք վիճակը կապում ենք ցածր ջերմաստիճանի հետ» ,- ավելացրեց ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան