12 մարզիկներ միջնորդել են գլխավոր դատախազին՝ վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
Մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Նրանք ակնկալում են, որ հաշվի առնելով Մաեստրո Սերգեյ Սմբատյանի անգնահատելի ներդրումը Հայաստանի ստեղծագործական և մշակութային կյանքում՝ կփոխվի որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառված կալանավորումը։
Մարզիկների հայտարարության մեջ ասված է.
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ
տիկին Աննա Վարդապետյանին
Հարգելի գլխավոր դատախազ,
Մենք, Հայաստանի պատիվը բարձր պահած մարզիկներս և մարզական աշխարհի ներկայացուցիչներս՝ խորապես մտահոգված ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մաեստրո Սերգեյ Սմբատյանի կալանավորմամբ։
Մաեստրո Սերգեյ Սմբատյանը ոչ միայն բացառիկ երաժիշտ է, այլև հայկական մշակույթի փարոս, ով իր ողջ կյանքի ընթացքում աշխարհին ցուցադրել է հայ ազգի հարուստ ժառանգությունը: Նա մշտապես ցուցաբերել է անմնացորդ նվիրվածություն իր արվեստին` վաստակելով չեմպիոնի տիտղոս դասական երաժշտության ոլորտում: Նրա ներդրումը ոչ միայն հարստացրել է Հայաստանի մշակութային ինքնությունը, այլև ոգեշնչել բազմաթիվ արվեստագետների և երաժիշտների ամբողջ աշխարհում:
Որպես Հայաստանը տարբեր միջազգային սպորտային մրցաշարերում ներկայացրած մարզիկներ, մենք խիստ կարևորում ենք այդ դերը ստանձնած ցանկացած գործչի գործունեություն: Միևնույն ժամանակ, մենք քաջ գիտակցում ենք օրենքի գերակայության նշանակությունը ցանկացած հասարակության համար և կարևորում ենք սույն գործի անաչառ և արդար քննությունը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով Մաեստրո Սերգեյ Սմբատյանի անգնահատելի ներդրումը Հայաստանի ստեղծագործական և մշակութային կյանքում, ակնկալում ենք Ձեր միջամտությունը նրա նկատմամբ կիրառված կալանավորման՝ որպես խափանման միջոցի փոփոխության հարցում։
Արթուր Ալեքսանյան – Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Արմեն Նազարյան – Օլիմպիական կրկնակի չեմպիոն, Աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Տիգրան Պետրոսյան – Շախմատային համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող, գրոսմայստեր
Վիկ Դարչինյան – Աշխարհի իննակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ
Արթուր Աբրահամ – Աշխարհի բազմակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ
Մալխաս Ամոյան – Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Ռոման Ամոյան – Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Արսեն Հարությունյան –Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն (ազատ ոճի ըմբշամարտ)
Վաղինակ Գալուստյան – Աշխարհի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Գևորգ Ղարիբյան – Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Եղիշե Մելիքյան – «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ
Կարեն Մնացականյան – Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ) »։
Հարակից հրապարակումներ`
- Մտավորականները միջնորդել են վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը
- Չեմ կարող լռել օրը ցերեկով տեղի ունեցող անարդարության վերաբերյալ․ Վլադիմիր Սպիվակովը՝ Սմբատյանների կալանավորման լուրի մասին
- Սիմֆոնիկ նվագախումբ. Հույս ունենք՝ մինչև քննության ավարտը Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ
- Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել հանցագործության հետ կապ չունեցող այս պատմությունը. Արմեն և Սերգեյ Սմբատյանների պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան