Արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելը խստիվ հակացուցված է ուռուցքային հիվանդություններ ունեցողներին. Մասնագետի զգուշացումը
Արաբական թերակղզուց Հայաստան է գալիս հզոր ջերմային ալիք, ինչի հետևանքով Երևանում ու Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը կգերազանցի +40 աստիճանը։ Panorama.am-ը զրուցել է բժիշկ-ուռուցքաբան Աննա Ավինյանի հետ` պարզելու, թե ինչպես պետք է պաշտպանվել արևից, կանխել առողջական հնարավոր խնդիրները։
Panorama.am- Բժշկուհի, որքանո՞վ են արևի ուղիղ ճառագայթները վտանգավոր մարդկանց համար։
Բժիշկ-ուռուցքաբան- Ուռուցաբանական տեսակետից արևի ուղիղ ճառագայթները վտանգավոր են՝ և՛ առողջ մարդկանց համար, և՛, առավել ևս, օնկոլոգիական ուռուցքային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։
Panorama.am –Ի՞նչ հետևանք կարող են ունենալ տապն ու արևի ճառագայթների ներքո մնալը։
Բժիշկ-ուռուցքաբան-Արևի ուղիղ ճառագայթներն առաջին հերթին կարող են առաջացնել մաշկի քաղցկեղ. խոսքը վերաբերում է ոչ միայն ոտքերին կամ ձեռքերին, դեմքին, այլև գլխամաշկին։ Արևի տակ գտնվելն ուռուցքային հիվանդություններ ունեցող մեր պացիենտներին բացարձակապես հակացուցված է, և նրանք հնարավորինս պետք է խուսափեն արևից։
Տապն ավելի շատ ինքնազգացողության վրա է անդրադառնում, մարդը կարող է թուլանալ, հևոց, նույնիսկ գիտակցության կորուստ ունենալ։
Panorama.am- Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից
Բժիշկ-ուռուցքաբան -Շոգ եղանակին խորհուրդ է տրվում փակ հագուստ, գլխարկ կրել, կարևոր է նաև ակնոցի գործածումը առօրյայում, քանի որ արևի ճառագայթները աչքերի համար ևս վտանգավոր են։ Անպայման պետք է օգտագործել 50 SPF միավորից ոչ ցածր արևապաշտպան քսուքներ։
Անհրաժեշտ է կրել մուգ հագուստ՝ հատկապես սև։ Ժողովրդի մեջ տարածված է սպիտակ կրել, բայց սպիտակը, հակառակը, կլանում է ճառագայթները, իսկ սևը պաշտպանում է դրանցից։ Ովքեր ուզում են, ամեն դեպքում, դուրս գալ, զբոսնել, ցանկալի է նախընտրեն ստվերոտ հատվածներ։
Արևայրուքի մասով նշեմ, որ մինչև ժամը 12։00-ն է խորհուրդ տրվում արևայրուք ստանալ և, իհարկե, պետք է հով տեղերում պառկել, ոչ ուղիղ արևի տակ, մաքսիմալ զգույշ լինել, քանի որ մաշկի քաղցկեղ ձեռք բերելու ռիսկը շատ բարձր է հաճախ արևայրուք ստացող մարդկանց մոտ։
Panorama.am -Ովքե՞ր են ռիսկի խմբում և առավել խոցելի նման եղանակի դեպքում։
Բժիշկ-ուռուցքաբան -Քիմիաթերապիա ստացող պացիենտները առավել զգայուն են արևի ճառագայթների նկատմամբ։ Իրենց ևս հակացուցված է գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ։
Panorama.am-Ինչպե՞ս է ազդում արևը երեխաների առողջության վրա։
Բժիշկ-ուռուցքաբան- Երեխաների դեպքում արևայրուք ստանալն ավելի վտանգավոր է, քանի որ նրանց մոտ մաշկի, այսպես ասած, «այրումը» ավելի բարձր ռիսկ է ենթադրում։ Նրանց պարագայում հնարավոր է արևահարվել, այրվածքներ ստանալ, ինչի հետևանքով էլ կարող է լինել ջերմության բարձրացում, փսխումներ և այլ խնդիրներ։ Երեխաներին պետք է առավել ուշադիր լինել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին