Իրանական «Karzar.net» կայքում մեկնարկել է ստորագրահավաք՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման պահանջով
Իրանական «Karzar.net» կայքում մեկնարկել է ստորագրահավաք, որը դատապարտում է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը և կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու ուղղությամբ։
ParsToday-ը գրում է, որ ստորագրահավաքը նախաձեռնել է «Անահիտ» գիտամշակութային և գրական հանդեսի խմբագրական խորհրդի քարտուղար Աբբաս Էղբալ Մեհրանը։
«Սննդամթերքի և դեղորայքի առաքման արգելափակումը և Արցախի 120 000 հայ բնակչության շրջափակումը Բաքվի հանրապետության կազմակերպած ցեղասպանական գործողություններից են Արցախի հայության նկատմամբ, որն իրականացվում է Լաչինի անցակետի արգելափակմամբ՝ դեպի Արցախ պարենային և դեղորայքի օգնության մատակարարումը կանխելու նպատակով։
Իրանի հարևանությամբ գտնվող Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցավ են պատճառում յուրաքանչյուր մարդու՝ անկախ դավանած կրոնից կամ ազգությունից։
Բաքվի հանրապետության կողմից միանգամայն կեղծ պատճառներով Արցախում բնակվող 120 000 հայերի ապօրինի շրջափակումը փաստում է, որ այդ երկիրը իրականացնում է պետականորեն կազմակերպված և ծրագրված ցեղասպանություն։
Արցախի շրջանում սննդամթերքի բացակայությունը, դեղորայքի և բժշկական սարքավորումների պակասը, տեղի 2000 հղի կանանց և 30 000 երեխաների շրջափակումը փաստում է, որ Բաքվի հանրապետությունը ակնհայտորեն անտեսում է միջազգային պայմանագրերը և հայտարարությունները։ Մասնավորապես՝ Հաագայի միջազգային դատարանի վճիռը, որը դատապարտում է Լաչինի անցակետի անօրինական արգելափակումը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների կողմից Լաչինի անցակետի արգելափակման անտեսումը, Արցախին սննդով ու դեղորայքով ապահովելու պատրաստակամության պակասը վկայում է աղետի խորությունը ընկալելու մարդկային անտարբերության մասին, որի ականատեսն ենք այսօր Արցախում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու մարդու իրավունքների անգործությունը Բաքվի հանրապետությանն ավելի մեծամիտ են դարձրել՝ արցախցիներին թողնելով դժվարությունների մեջ։
Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունի, որը կպարտավորեցնի Բաքվի հանրապետությանը վերացնել Լաչինի անցակետի արգելափակումը՝ ապահովելով Արցախի բնակիչների անվտանգությունը։
Այս առումով ցանկացած ձախողում կհանգեցնի 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպած հայերի ցեղասպանության կրկնությանը, իսկ դա նշանակում է, որ ցեղասպանությունը և Արցախի հայության էթնիկ զտումները շարունակվում են Բաքվի կառավարության գիտակցության մեջ»,- ասված է հայտարության տեքստում։
Ստորագրահավաքին մասնակցելու համար կարող եք այցելել https://www.karzar.net/82029 կայքը։