Զբոսաշրջության ոլորտում իրականացվող գործունեությունը ծանուցման ենթակա է դառնում
Զբոսաշրջության ոլորտում սպասվում են օրենսդրական մի շարք փոփոխություններ։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց, որ փոփոխությունների համաձայն՝ այսուհետ զբոսաշրջության ոլորտում իրականացվող գործունեությունը ծանուցման ենթակա է դառնում։
Գործող իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման և նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության սուբյեկտների և զբոսաշրջիկների փոխադարձ իրավունքների և պարտավորությունների հստակեցման, զբոսաշրջային ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցման և զբոսաշրջային գործունեության նկատմամբ վերահսկողության միջոցների հստակեցման իրական անհրաժեշտությունից։
Անահիտ Մկրտչյանը տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունիսի 30-ից սկսած։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ օրենքում կատարված փոփոխությունները շատ սպասված են, նույնիսկ մի փոքր ուշացած։ Նրա խոսքով՝ ֆեդերացիան և մասնավոր հատվածը հետևողականորեն խնդրում, պահանջում էր, որ այս օրենսդրական բարեփոխումները կյանքի կոչվեն։
«Իրականում օրենսդրական փաթեթը շատ կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմք է։ Զբոսաշրջային ոլորտում ծավալվող գործունեությունը ծանուցման ենթակա դարձնելու պահանջ մեր երկրում չկար, ուստի սա շատ կարևոր նախաձեռնություն է։ Դրանով կնպաստենք ոլորտի գործարար, մրցակցային միջավայրի բարելավմանը»,- ասաց Մեխակ Ապրեսյանը։
Նա մանրամասնեց, որ ծանուցման արդյունքում ոլորտում գործունեություն ծավալողները կհաշվառվեն և կսկսեն աշխատել հարկային դաշտում։ «Մեր երկրում կան շատ անբարեխիղճ սուբյեկտներ, որոնք նույնիսկ գրանցված չեն որպես բիզնես, աշխատում են տանից, բնականաբար, հարկեր չեն վճարում և մատուցում են ցածրորակ ծառայություններ, ինչը խաթարում է բիզնես միջավայրը և բացասաբար անդրադառնում երկրի իմիջի վրա»,- նշեց Մեխակ Ապրեսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան