Վիտիլիգոն վարակիչ չէ․ որոնք են հիվանդության պատճառները, ախտանիշներն ու բուժումը
Մաշկի վրա սպիտակ բծերը, որոնք կոչվում են վիտիլիգո, հանդիպում են մոլորակի բնակչության մեկ տոկոսի մոտ: Այդ բծերն ավելի հաճախ դրսևորվում են դեմքի, ձեռքերի, ոտքերի շրջանում:
Վիտիլիգոյով հիվանդի արտաքին տեսքը գրավում է մարդկանց զգուշավոր ուշադրությունը և հաճախ դառնում հոգեբանական անհարմարության պատճառ։ Բայց պետք է հիշել, որ այս հիվանդությունից որևէ մեկը պաշտպանված չէ, այն կարող է զարգանալ ցանկացած տարիքի ցանկացած մարդու մոտ, բայց առավել հաճախ հանդիպում է 10 -ից 30 տարեկան մարդկանց մոտ:
Վիտիլիգոյի առաջացման պատճառների մասին Panorama.am-ը զրուցել է մաշկաբան Դավիթ Հարությունյանի հետ։
- Ի՞նչ է վիտիլիգոն։
- Վիտիլիգոն ձեռքբերովի հիվանդություն է, որը բնորոշվում է հստակ սահմանազատված և եզրագծված, հարթ, շրջանաձև, օվալաձև կամ ապագունակավորված բծերի առկայությամբ` որոնց տրամագիծը կարող է տատանվել մի քանի մմ-ից մինչև մի քանի սանտիմետրի:
-Որո՞նք են վիտիլիգո մաշկային հիվանդության հիմնական պատճառները:
- Վիտիլիգոն բազմագործոնային, պոլիգեն հիվանդություն է բարդ ախտածագումով` պայմանավորված ինչպես գենետիկ, այնպես էլ ոչ գենետիկ գործոններով: Չնայած առաջարկվել են մի քանի տեսություններ ախտածագման վերաբերյալ, այնուամենայնիվ հստակ պատճառն անհայտ է դեռևս: Այն հիմնականում պայմանավորված է աուտոիմուն ծագման խանգարումներով, առավել հաճախ` վահանաձև գեղձի:
- Ո՞ր տարիքում է ամենից հաճախ հանդիպում այս հիվանդությունը, ո՞վ է ավելի հաճախ ենթարկվում այդ հիվանդության` տղամարդի՞կ, թե՞ կանայք։
- Հիվանդությունը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, սովորաբար այն հանդիպում է 10-30 տարեկանների մոտ: Ախտահարման միջին տարիքը կազմում է 20 տարեկանը: Կանանց մոտ առավել շատ է ախտորոշվում վիտիլիգո, սակայն կարծում եմ, որ դա պայմանավորված է կանանց բարձր դիմելիությամբ:
- Հիվանդության ախտորոշումից հետո մարդու կյանքը փոխվո՞ւմ է, եթե նկատի ունենանք, որ հասարակությունը զգուշավոր է նման հիվանդների հետ շփումներում, այդ իսկ պատճառով հիվանդությունն ունեցող մարդիկ հաճախ բարդույթավորվում են։
- Հիվանդության տեսողական բնույթը հանգեցնում է ծանր հոգեսոցիալական և հոգեբանական հետևանքների` հատկապես ավելի մուգ մաշկ ունեցող մարդկանց մոտ: Դա կարող է հանգեցնել սոցիալական ստիգմաների և դեպրեսիայի: Իհարկե, ախտորոշումից և մանրամասն հիվանդության մասին տեղեկություններ տրամադրելուց հետո հիվանդի ընդհանուր հոգեկան վիճակը բարելավում է: Կարևոր է այստեղ ֆիքսել մի փաստ թե բուժառուի, թե հասարակության համար, որ հիվանդությունը վարակիչ չէ: Երբեմն մարդկանց մոտ նաև այդ հարցն է առաջանում։
- Արդյոք այն ունի ժառանգական գործոն։
- Վիտիլիգոն ձեռքբերովի հիվանդություն է, որը սակայն բնորոշվում է ծագումնաբանական նախատրամադրվածությամբ: Հետազոտությունների արդյունքում բուժառուների միայն 30%-ի մոտ է հնարավոր եղել արձանագրել ընտանեկան ծանրացած անամնեզ:
- Որո՞նք են վիտիլիգոյի բուժման արդյունավետ ձերը, որոնք այսօր առաջարկում է բժշկությունը: Հնարավո՞ր է իսպառ բուժել հիվանդությունը, այսինքն՝ կարելի՞ է բուժվել և մոռանալ դրա մասին:
- Կան բուժման տարբեր մեթոդներ` դեղորայքային, ֆոտոթերապիա, լազերային թերապիա և վիրաբուժական բուժում:
Հարկ է նշել, որ բաց գույնի մաշկ ունեցող հիվանդների մոտ հնարավոր է միջամտություն չպահանջվի: Դրա փոխարեն լիարժեք արևապաշտպանությունը կարող է լինել լավագույն մարտավարությունը, որպեսզի հարակից նորմալ մաշկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից չմգանա և և ախտահարումն ավելի ակնառու դարձնի:
Իսկ երբ անհրաժեշտ է բուժում` օգտագործվում են տեղային կորտիկոստերոիդներ, տեղային կալցինևրինի ինհիբիտորներ, յանուս-կինազայի ինհիբիտորներ, վիտամին Դ-ի անալոգներ, նեղաշերտ ուլտրամանուշակագույն-B թերապիա: Ներկայումս վերոնշյալ միջոցները համարվում են բուժման հիմքը:
Այնուամենայնիվ վիտիլիգոյի բուժումը պետք է լինի խիստ անհատական և բուժառուն պետք է տեղեկացված լինի բուժման հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերին: Ոչ մի բուժում հիվանդների մոտ չի տալիս նույն արդյունքը:
Կախված վիտիլիգոյի տեսակից և տեղակայումից նույնպես կարող են լինել բուժման արդյունավետության տարբերություններ: Օրինակ` սեգմենտար վիտիլիգոն և հիվանդության 14 տարեկանից շուտ ի հայտ գալը, պայմանավորում են հիվանդության առավել կայուն ընթացքը: Լիարժեք մաշկի գույնը վերականգնել լինում է երբեմն, բայց նույնիսկ այդ պարագայում չպետք է թուլացնել զգոնությունը և անհրաժեշտ է մշտապես խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ըստ անհրաժեշտության կիրառել համապատասխան արևապաշտպան միջոցներ, ինչպես նաև` եթե կա ախտորոշված որևէ աուտոիմուն խնդիր, հնարավորինս պահել հսկողության ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան