«Մետաքսի ճանապարհի» ազդեցությունը հայ-չինական գիտական և մշակութային փոխհարաբերությունների զարգացման վրա
Սույն թվականի օգոստոսի 8-9-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Մետաքսի և թեյի ճանապարհների դերն ու ազդեցությունը ժողովուրդների և երկրների գիտության և մշակույթի զարգացման վրա» միջազգային գիտաժողով-ցուցահանդեսը՝ նվիրված «Գոտի և ճանապարհ» չինական նախաձեռնության 10-ամյակին։ Այս մասին հայտնում են ԳԱԱ-ից։
«Միջոցառումը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանը և Հայ-չինական գործընկերության կենտրոնը։
Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանի պատվիրակությունը, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, գիտնականներ Հայաստանից և արտերկրից։
«Գոտի և ճանապարհը» կամ «Նոր Մետաքսի ճանապարհը» Չինաստանի կառավարության կողմից 2013 թվականին ընդունված նախաձեռնություն է, որն ուղղված է ենթակառուցվածքների զարգացմանը, առևտրի խթանմանը և ներդրումներին: Այն նպատակ ունի խորացնելու առևտրատնտեսական և մշակութային կապերը Չինաստանի և նախաձեռնությանն անդամակցած երկրների միջև, որոնց թիվը հատել է 140-ը:
«Հայաստանը պատմականորեն «Մետաքսի ճանապարհի» կարևորագույն օղակներից է։ «Մետաքսի ճանապարհի» մի հատվածը միջնադարում անցել է Հայաստանի տարածքով։ Այս ճանապարհի վրա է գտնվել հայկական թագավորության մայրաքաղաք Անին, որի ծաղկման պատճառներից մեկը հենց «Մետաքսի ճանապարհն» է եղել։ Ցավոք, դեռ կան երկրներ, որոնք այլ երկրների սահմանները փակ են պահում։ Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանները շուրջ 30 տարի փակ են։ Մենք հույս ունենք, որ նման նախաձեռնությունները կօգնեն լուծել խնդիրները նոր մոտեցումներով՝ մշակութային, գիտական, տնտեսական կապերը զարգացնելու միջոցով», - ասել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։
«Մեր երկու երկրներն էլ հին քաղաքակրթություններ են՝ իրենց պատմությամբ և մշակույթով: Թեև մեր երկրները հազարավոր կիլոմետրեր հեռու են, բարեկամական փոխհարաբերությունները գալիս է հին ժամանակներից: «Մետաքսի ճանապարհի» ժամանակաշրջանում մեր երկու ժողովուրդները խորը բարեկամություն են հաստատել՝ ոչ միայն տնտեսական և առևտրային փոխհարաբերություններ, այլ նաև մշակութային», - նշել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։
«Ծովային Մետաքսի ճանապարհը» պատմության տարբեր ժամանակաշրջաններում հարուստ հետքեր և հարուստ ժառանգություն է թողել։ Այն դարձել է Չինաստանի և տարբեր երկրների փոխհարաբերությունների և մշակութային հարաբերությունների պատմական վկան՝ այդ թվում Հայաստանի և Չինաստանի։ Այսօր մենք ամրապնդում ենք այդ հարաբերությունները՝ նպաստելով դրանց խորացմանն ու զարգացմանը», - ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Ֆու Քիշենգը։
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը, անդրադառնալով չինական կողմի հետ համագործակցությանը, նշել է․ «Կարևորում ենք հնագույն մշակույթը կրող այս երկրի տարբեր ԲՈՒՀ-երի հետ ուսումնական ծրագրերի իրականացումը։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական, իսկ այս գիտաժողովի արդյունքները կամրապնդեն եղած կապերը»»,- նշված է հաղորդագրությունում։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին