ՔՊ-ական պատգամավորը՝ քաղաքապետի թեկնածուին. Անվճար ոչինչ չի լինում
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն աձագանքել է Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի՝ Երևանի տրանսպորտն անվճար դարձնելու մասին հայտարարություններին։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած Մնացականայնը երեկ հայտնել էր.
«Մեր հաշվարկների և վերլուծությունների համաձայն՝ հնարավորություն կա Երևանում հասարակական տրանսպորտը դարձնել ԱՆՎՃԱՐ: Ավելին, մենք համարում ենք, որ այն պե՛տք է լինի #ԱՆՎՃԱՐ: Մենք ունենք դա իրականություն դարձնելու հստակ ծրագիր։
«Հաղթանակ» կուսակցության ծրագրի համապատասխան կետը ենթադրում է հասարակական տրանսպորտի ոլորտի արմատական և ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ բարեփոխում. սա ունի նաև սոցիալական բաղադրիչ»։
Ի պատասխան ՔՊ-ական պատգամավորն այսօր գրել է.
«Եթե որևէ ծառայություն մատուցվում է՝ լինի կրթություն, առողջապահություն, թե տրանսպորտ, ապա դրա վրա կատարվում են ծախսեր. ուսուցիչը, բժիշկը, վարորդը պետք է վարձատրվեն: Բացի աշխատավարձից, նաև այլ ծախսեր կան. առողջապահության համար՝ բժշկական սարքավորումներ, դեղորայք, տրանսպորտի համար՝ մեքենաներ, վառելիք և այլն, որոնք երկնքից չեն ընկնում:
Եթե հայտարվում է, որ այսինչ ծառայությունն անվճար է, դա պարզապես նշանակում է այդ ծառայության համար վճարում են ոչ թե այդ ծառայություններից օգտվողները, այլ բոլորը, իրենց վճարած հարկերով:
Դրա համար պիտի լինի հասարակական կոսնսենսուս: Օրինակ, եթե երեխաների կամ հաշմանդամություն ունեցողների համար տրանսպորտն անվճար է, նշանակում է հասարակությունը (ենթադրվում է) համաձայն է նրանց համար վճարել:
Բայց արդյո՞ք համաձայն կլինեն բոլորի համար վճարել:
Չի բացառվում: Ուղղակի պետք է նկատի ունենալ, որ պետական կամ համայնքային բյուջեից (այսինքն՝ հասարակության գրպանից) որևէ ծառայության համար վճարելը՝ նշանակում է ավելի քիչ գումար ունենալ այլ բաների վրա ծախսելու համար (բարեկարգում, ճանապարհաշինություն և այլն): Որովհետև բյուջեն անսպառ չէ:
Վերադառնալով սկզբին՝ ասեմ, որ եթե որևէ մեկը հայտարարում է, որ երկրում այսինչ ծառայությունը լինելու է ամբողջությամբ անվճար, դա կարելի է լիարժեք ճիշտ համարել, եթե նա պատրաստվում է սեփական գրպանից վճարել դրա համար: Այ դա կլինի տարբերվող և իրապես անվճար, թե չէ բյուջեի հաշվին որևէ բան «անվճար» դարձնելը մեծ հերոսություն չէ:
Իհարկե, դա էլ անվճար չի, բայց գոնե այն մարդիկ, ում նման բան են խոստանում, չեն վճարի:
Հ.Գ. - Անկեղծ լինեմ, գրառմանս առիթն այն էր, որ իմ լավ բարեկամ Վիկտոր Մնացականյանը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ խոստացել է տրանսպորտն անվճար դարձնել:
Բայց գրառմանս ընդհանուր նպատակն այն է, որ մեր հայրենակիցները «անվճար» բառին ՄԻՇՏ վերապահումով մոտենան՝ անկախ նրանից, թե դա հնչում է մե՞ր կողմից, թե՞ այլ քաղաքական ուժերի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին