Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Lրագրողի օրվա կապակցությամբ սոցցանցերից մեկում արած միջամտողական գրառումից հետո, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը կանչվել է ԻԻՀ ԱԳՆ:
ParsToday-ի փոխանցմամբ, դեսպանին փոխանցվել է Թեհրանի խիստ բողոքը՝ դիվանագիտական սկզբունքներին հակասող քայլի կապակցությամբ:
Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի բաժնի գլխավոր տնօրեն Մաջիդ Նիլի Ահմադաբադին այս կապակցությամբ ասել է. «Անպատասխանատու և դիվանագիտական սկզբունքներին հակասող գրառումն այլ երկրի ներքին գործերին միջամտության վառ օրինակ է և անընդունելի»։
Անդրադառնալով լոնդոնյան որոշ լրատվամիջոցների կողմից խոսքի ազատության պատրվակով Իրանի դեմ ուղղված արշավին, Ահմադաբադին ասել է. «Իրանի ժողովրդի նկատմամբ իր գործողություոնների անցյալի պատճառով, Բրիտանիան իրավունք չունի Իրանի վերաբերյալ մեկնաբանություն անել»:
Նշվում է՝ Մեծ Բրիտանիայի դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը ցանկանում է պահպանել նաև Իրանի հետ հարգալից հարաբերությունները: