Սնուպ Դոգի համերգի համար կառավարությունը կհատկացնի մոտ 6 միլիոն դոլար
Համաշխարհային հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուպ Դոգի (Snoop Dogg) հայաստանյան համերգի համար ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ 318,596.8 հազար դրամ (մոտ 6 միլիոն դոլար)։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Նշենք, որ որոշման նախագիծը չզեկուցվող հարցերի մեջ էր։
Ըստ նախագծի՝ ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։
«Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ավելացնել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը, կնպաստի մշակութային զբոսաշրջության ծավալների և դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի ավելացմանը՝ հետևապես նաև տնտեսական աճին, կհանգեցնի երկրի վարկանիշի, ինչպես նաև Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացմանը»,- ասվում է որոշման նախագծում։
Կառավարությունը գտնում է, որ Հայաստանը հնարավորություն կունենա մուտք գործելու միջազգային շոու-բիզնեսի շուկա, հավասար պայմաններ կստեղծվեն դաշտում ճանաչում ունեցող աստղերին Հայաստան ավելի մատչելի միջոցներով հրավիրելու համար։
Նշենք նաև, որ Սնուպ Դոգի համերգը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան համերգի են բերում մարիխուանայի սեփական արտադրությունն ու բրենդը ունեցող Snoop Dog-ին. Մարտիրոսյան
- 23 միլիոն դոլար Snoop Dog-ի համերգի համար, որ մեզ մի քիչ ցրեն Արցախի, Ադրբեջանի, գերիների ու էլի մի քանի «անլուրջ» պռոբլեմներից
- Snoop Dogg-ի համերգի համար կառավարությունն այս պայմաններում 23 միլիոն դոլար է հատկացնում. Բաբայան
- Հայաստանում ելույթ կունենա Snoop Dogg-ը