Սնուփ Դոգի թանկարժեք համերգը կազմակերպում է հայտնի գործարարի որդին՝ առանց մրցույթի
Հայաստանի կառավարությունը օգոստոսի 11-ին ավելի քան 6 միլիոն դոլար հատկացրեց ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի կազմակերպման համար։
Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը։ Կառավարությունը համերգի կազմակերպման նպատակահարմարությունը ընդգծել է զբոսաշրջիկների՝ համերգի համար Հայաստան ժամանելով, դրա տնտեսական էֆեկտով և այլն, համեմատություններ են եղել նաև Վրաստանի հետ։
«Ծրագիրն իրականացնող կազմակերպության հավաստմամբ՝ ակնկալվում է, որ միջոցառմանը մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան կժամանի 5000-6000 զբոսաշրջիկ: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվության՝ մեկ զբոսաշրջիկը միջինը Հայաստանում ծախսում է 800-1000 դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար: Հայաստանը հնարավորություն կունենա մուտք գործելու միջազգային շոու-բիզնեսի շուկա, հավասար պայմաններ կստեղծվեն դաշտում ճանաչում ունեցող աստղերին Հայաստան ավելի մատչելի միջոցներով հրավիրելու համար»,- նշված է որոշման հիմնավորումներում։
«Դոպինգ սփեյս». ո՞վ է ընկերության սեփականատերը
Civilnet-ը գրում է՝ «Դոպինգ սփեյս» ընկերությունը այս միջոցառումը կկազմակերպի առանց մրցույթի, այլ կերպ ասած՝ միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների միջև մրցակցությամբ չէ, որ ընտրվել է «Դոպինգ սփեյսը»։ Համենայնդեպս, գնումների համակարգի Armeps հարթակում որևէ նման մրցույթի մասին տեղեկություն չկա։ Ըստ կառավարության՝ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն պարտավորվում է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումները, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել միջոցառման անցկացման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում՝ նշելով, որ միջոցառումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո: Նման արտիստների համերգների կազմակերպման համար անհրաժեշտ են մեծ և համաշխարհային ստանդարտներին համապատասխանող բացօթյա հարթակներ կամ մարզադաշտեր, ինչը թույլ կտա Հայաստան հյուրախաղերի հրավիրել համաշխարհային աստղերի կամ խմբերի:
«Դոպինգ սփեյսը», ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է անցյալ ամսվա սկզբին՝ հուլիսի 4-ին։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդունը: Ընկերության մյուս բաժնետերը Հայկ Սիմոնյանն է՝ «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիրը։
Ալիկ Պետրոսյանը 90-ականներից «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանի սեփականատերն է, իսկ 2003-ից պատգամավոր էր «Օրինաց երկիր» կուսակցությունից։ 2007-ին ու 2012-ին նա արդեն պատգամավոր դարձավ Հանրապետական կուսակցության ցուցակով, իսկ 2017-ին արդեն առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով Արմավիրի մարզից։
Ալեքսան Պետրոսյանը կալանավորված էր բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի փողերի լվացման գործով, նրան մեղադրում էին փողերի լվացմանն օժանդակելու մեջ։ Ալեքսան Պետրոսյանը, ըստ մեղադրանքի, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակելու դիտավորությամբ, առաջարկն ընդունել է և պատրաստակամություն հայտնել կազմակերպել իրեն պատկանող, Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված՝ «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության և Հայաստանում գործունեություն իրականացնող «ՄԱՊ» ՓԲ ընկերության միջոցով գումարները Հայաստանի Հանրապետություն փոխանցելու, դրանք կանխիկացնելու և պաշտոնատար անձին տրամադրելու գործընթացը: Հետագայում Պետրոսյանը այս գործով արդարացվեց։ Փողերի լվացման գործընթացում կազմակերպվել էին առերեսումներ նաև ՄԱՊ-ի Ալիկի որդու և այլ անձանց միջև։ Մակար Պետրոսյանն այս գործով ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
Սա եզակի դեպք չէր, երբ Մակար Պետրոսյանը քրեական պատմության կիզակետում էր։ 2012-ին հայտնի դարձավ, որ Պետրոսյանն իր ընկերների հետ ծեծի է ենթարկել համագյուղացիների։ Ալիկ Պետրոսյանն ասաց, որ հայհոյել են որդուն, նա էլ որպես հայ տղա ծեծի է ենթարկել հայհոյողին։ 2021-ին Մակար Պետրոսյանը դարձյալ հայտնվեց մամուլի էջերում․ պարզվել էր, որ Մակար Պետրոսյանն ու նրա ընկերները առևանգել, ապօրինի պահել ու ծեծել են քաղաքացու։ «Արաբկիրի ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Սամվել Ծ-ն է, որը իրավապահներին պատմել էր, որ իրեն վնասվածք են պատճառել Աժ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի՝ ՄԱՊ-ի Ալիկի որդին՝ 39-ամյա Մակար Պ.-ն և 46-ամյա Լևոն Խ.-ն Կոմիտասի պողոտայի 8 հասցեում՝ «ՄԱՊ» ընկերության գրասենյակում։ Վիճաբանել են Սամվել Ծ.-ի հետ, նրան, ըստ վերջինիս հայտարարության, փակելով և ազատությունից ապօրինի զրկելով, ձեռքերով, ոտքերով և զենքի կոթով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,- նշվում էր հրապարակման մեջ։
«Դատալեքս» հարթակում այս գործով դատական գործընթացի մասին տեղեկություններ չկան։
Հարակից հրապարակումներ`
- Սնուպ Դոգի համերգի համար կառավարությունը կհատկացնի մոտ 6 միլիոն դոլար
- Կառավարությունը հերքում է, թե ռեփեր Սնուփ Դոգի համերգի համար հատկացվել է 23 միլիոն դոլար. «Ազատություն»
- «Դոգ»- ի գործով կալանավորվել է Տիգրան Առաքելյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան