Անպտղության հաղթահարման համար կհատկացվի 500 մլն դրամ
ՀՀ կառավարությունն առողջապահության նախարարությանը 500 մլն դրամ լրացուցիչ միջոցներ կտրամադրի վերարտադրողական առողջության ծրագրի համար։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց, որ Հայաստանում անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագիրը մեկնարկել է դեռ 2019 թվականին, որն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բնակչության համար թանկարժեք ծառայություններն ավելի հասանելի դարձնելու համար։
«Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը` ծրագրի գործարկման ընթացքում այն պարբերաբար վերանայվում։ Կատարված փոփոխությունների արդյունքում՝ նախկին 38 բնակավայրի փոխարեն արդեն 194 սահմանամերձ բնակավայրի բնակիչներ հնարավորություն կունենան միանալ այս ծրագրին»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ ծրագրի շահառու են դարձել նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները: Նրանց համար գործարկվել է նաև փոխնակ մայրերի ծրագիրը, որի արդյունքում ծնված երեխաների թիվը կազմել է 31.6 տոկոս, ինչը բավարարում է զարգացած երկրներում միջին ցուցանիշներին։
«Ծրագրի շրջանակներում զոհված զինծառայողների մայրերի համար տարիքային ոչ մի սահմանափակում չի գործում»,- նշեց նա։
Ավանեսյանը նաև հայտնեց, որ 2023 թ-ի հունվարից ծրագիրը վերափոխվել է և շահառու են դարձել մինչև 36 տարեկան երկու տարի և ավելի անպտղություն ունեցող բոլոր անզավակ կանայք, իսկ սահմանամերձ բնակավայրերում բնակվող 36-42 տարեկան կանայք, որոնք ունեն երկրորդ բալիկ ունենալու դժվարություններ:
«Այս տարվա միայն 7 ամսվա ընթացքում սպասարկվել և բուժման տարբեր փուլերում են գտնվում 2876 շահառու, արձանագրվել է արդեն 301 հղիություն, ծնվել է 57 բալիկ՝ 9-ը զոհված զինծառայողների ընտանիքներում»,- ընդգծեց նա։
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հնարավորինս ընդլայնել ծրագիրը և վերացնել տարիքային բոլոր սահմանափակումները։ Այսինքն՝ մինչև 36 տարեկան կանանց էլ տրվի ծրագրի շահառու դառնալու և վերարտադրողական բժշկությունից՝ անկախ ընտանեկան կարգավիճակից, օգտվելու հնարավորություն:
Նա նաև ներկայացրեց այս տարվա առաջին 7 ամսում ծնունդների ցուցանիշները։ Մասնավորապես, այս տարի առաջին 7 ամիսներին 540-ով ավելի երեխա է ծնվել, քան 2022 թ.-ին, 348-ով ավելի, քան 2020 թ.-ին, 368-ով ավելի, քան 2019թ.-ին:
Նշվել է նաև, որ ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է վերջին 20 տարվա նույն ժամանակահատվածում գրանցված մահերի ամենացածր ցուցանիշը։ «2023 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է բնական հավելաճի ամենաբարձր մակարդակը՝ սկսած 2015 թվականից, կազմելով 4467 մարդ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և կարևորելց արձանագրված ցուցանիշը ոլորտում իրականացվող ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների համատեքստում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան