Տհաճությամբ արձանագրեցի, որ ՀՀ-ում ճանապարհների սպասարկման որակը, մեղմ ասած, խայտառակ վատ է․ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք խնդիրների, մասնավորապես՝ ճանապարհների սպասարկման, ճանապարհային նշանների, ցուցանակների, ինտերնետի հասանելիության, զբոսաշրջության հետ կապված:
«Վերջին օրերին ոչ պաշտոնապես գտնվել եմ մարզերում և արձանագրել եմ խնդիրներ, որոնք ոչ մի տեղեկանքում, զեկույցում, ոչ մի նիստում չեն արձանագրվել: Այս ամենի արդյունքում մտածում եմ, որ խորհուրդ տամ, խնդրեմ և նույնիսկ հանձնարարեմ, որ մեր պաշտոնյանները ժամանակ առ ժամանակ ուղղակի վեր կենան, գնան, մտնեն բակեր, նստեն, մարդկանց հետ խոսեն»,- ասել է նա։
Նրա դիտարկմամբ, նման չծրագրված այցերի ընթացքում այնքան հարցեր ի հայտ կգան, որոնք այլ խողովակով պաշտոնյանները չեն գտնի և ոչ մի պաշտոնական այցի ընթացքում չեն տեսնի. «Խնդրում եմ և հորդորում եմ, աշխատանքային օրը կարելի է օգտագործել և աշխատել աշխատասենյակից դուրս՝ ոչ պաշտոնական հագուստով, լրիվ ազատ ռեժիմով, շփվել մարդկանց հետ»:
Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է ճանապարհների սպասարկման խնդրին.«Ես զարմանաքով կամ տհաճությամբ արձանագրեցի, որ ՀՀ-ում ճանապարհների սպասարկման որակը, մեղմ ասած, խայտառակ վատ է: Օրինակ, եթե ՀՀ-ում ձյուն է տեղում, ճանապարհը սպասարկող ընկերությունները պետք է դուրս գան ու ճանապարհները մաքրեն, իսկ եթե անձրև՞ է գալիս: Անձրևաջրերը ճանապարհի վրա ինչ ասես բերում լցնում են ու տպավորությունն այնպիսին է, որ բոլորը սպասում են հաջորդ՝ ավելի կառուցողական անձրևին, որ կգա ու ամբողջը կմաքրի, կտանի: Ճանապարհների մաքրման մասին ոչ ոք չի մտածում»:
Հաջորդ խնդիրը ճանապարհային գծանշաններն ու ցուցանակներն են, որոնք երկար տարիներ չեն փոխվել: Փաշինյանն անդրադարձել է նաև ճանապարհներին առկա փոսերին, ճաքերին և նշել, որ դա նշանակում է, որ ինչ-որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում. «Ինձ պետք է այդ մարդկանց անուն-ազգանունները: Ես ձեզ հանձնարարում եմ նշանակել ծառայողական քննություն և իմ սեղանին դնել այն մարդկանց անունները, ովքեր պետք է հետևեին, որ կապալառու ընկերություններն այդ բոլոր գործառույթները պատշաճ ձևով իրականացնեին: Սա ճանապարհի անվտանգության հետ կապված հարց է»:
Նրա արձանագրած հաջորդ խնդիրը կապված էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ: «Նախարարության տարեկան զեկույցի ժամանակ ինձ զեկուցվել է, որ հանրապետության ամբողջ տարածքը և մայրուղիների շուրջ ինտերնետն ապահովված է, ես ձեզ ասում եմ, որ այդպես չէ, տասնյակ կիլոմետրերով ճանապարհներին ինտերնետ չկա», -ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ սա պրոբլեմ է, միջպետական ճանապարհներին ինտերնետ չլինելը նոնսենս է՝ աբսուրդ:
Վարչապետը նշել է նաև, որ քաղաքացիները տեղյակ չեն «խելացի անասնագոմերի» ծրագրից:
«Եղել եմ սարատեղերում՝ յայլաներում, որտեղ հանդիպեզի մարդկանց, որոնք ունեն 15-20 խոշոր եղջերավոր անասուն։ Տեսնում ես, մարդիկ չարչարվում են, բայց ոչ մի արդյունք չկա ու չի էլ լինելու։ Մարդկանց հարցնում եմ, թե խելացի անասնագոմերի մասին լսե՞լ են, բայց մարդիկ ոչ մի բանից տեղյակ չեն, մինչդեռ այս ծրագիրն իրենց համար ենք արել։
Զեկույցներ եք ներկայացնում, թե գնացինք, մարդկանց ասեցինք, բոլորը տեղյակ են, բայց սուտ է, այդպես չէ, ում համար այս ծրագիրն անում ենք, տեղյակ չի դրանից», ասել է Փաշինյանը։
Նա հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը ու մարզպետարանների հետ համատեղ ձևավորել խմբեր և տեղերում մարդկանց իրազեկել ՀՀ կառավարության այս ծրագրի մասին։
«Մեկ ամսվա ընթացքում խմբեր եք ձևավորում, գնում եք բոլոր սարատեղերն ու գյուղերը, հատ-հատ մտնում եք այն տները, որոնք զբաղվում են անասնապահությամբ ու ներկայացնում ծրագիրը», - հավելել է Փաշինյանը։
Նա հանձնարարել է նաև, որ պատասխանատու կառույցները փորձեն այնպես կազմակերպել, որ համայնքում «խելացի անասնագոմերը» կառուցվեն իրար կողքի, որպեսզի մթերողի աշխատանքն էլ հեշտանա։