Իրանին «համոզել» են, որպեսզի Երևան ՋԷԿ-ը պարապ չկանգնի․ փորձագետ
Օրերս ստորագրվեց «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը։ ՀՀ ՏԿԵՆ-ի հաղորդագրության համաձայն՝ պայմանագիրը ստորագրել են Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին։ Այն երկարաձգվել է մինչև 2030 թվականը։ Նշենք, որ պայմանագրի վերջնաժամկետը՝ 2026 թ․-ին։ Ի՞նչ կտա Հայաստանին մի քանի տարով պայմանագրի երկարաձգումը։ Panorama.am-ի հարցին պատասխանել է էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը։
Փորձագետը նախ հիշեցնում է, որ ռուսական կողմի հետ կա կնքված գազային պայմանագիր,որը գործում է մինչև 2040թ․-ը։ Համաձայն այդ պայամանագրի՝ Հայաստանը երրորդ երկրից գազ ստանալու իրավունք չունի։
«Հայ-իրանակական պայմանագրի դեպքում խոսքը՝ էլեկտրաէներգիան գազով վճարման մասին է, իրանական կողմը մեզ «գազով» վճարում է էլեկտրաէներգիա ստանալու դիմաց, որը նրան առայժմ անհրաժեշտ է»,- ասաց Էդուարդ Արզումանյանը։
Ինչո՞ւ առայժմ։
Բանն այն է , որ ռուսներն Իրանում կառուցում են ևս երկու ատոմային բլոկ, որոնք կշահագործվեն 2025 և 2026 թվականներին։ Նրանք տարեկան կարտադրեն 15 մլդ կվ/ժ։ Համեմատության համար նշենք, որ գազի դիմաց նրանք ստանում են լավագույն դեպքում՝ 1,5 մլդ կվ/ժ, որը եղել է 2017թ․-ին, դրանից հետո ցուցանիշն ավելի նվազել է։
«Երբ ատոմային բլոկները գործեն, Իրանին այլևս էլեկտրաէներգիա պետք չի լինի, ինչը նշանակում է, որ Իրանը կսկսի գազ վաճառել միայն գումարով։ Այս նոր հայ-իրանական պայմանագիրն ավելի շատ քաղաքական է, քան էներգետիկ հարաբերությունների օբյեկտիվության մասին։ Կարծում եմ՝ մերոնք վախենում են, որ եթե 2026թ․-ին նրանք մեզանից էլեկտրաէներգիա չցանկանան, ապա Երևան ՋԷԿ-ը կկանգնեցնի աշխատանքը, քանի որ ուրիշ էլեկտրաէներգիա ուզող չի լինի։ Հիմա Իրանին «համոզել» են, որպեսզի Երևան ՋԷԿ-ը պարապ չկանգնի։ Սա ոչ թե պետական շահերից կամ էներգետիկ համակարգի բավարարման տեսակետից է, այլ արվել է ի շահ Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի, որպեսզի վերջինս պարապ չմնա, ինչպես 2021թ․-ի հունվարից պարապ կանգնած է Հրազդանի 5 ջերմային բլոկը՝ 470 մգ/վ հզորությամբ»,- ասաց Արզումանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի ծավալներն ավելացվում են
- Ռուսաստանի հետ էներգետիկ կապերի խզումը աղետ է դարձել Եվրոպայի համար. Ֆրանսիացի քաղաքական գործիչ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան