Աշոտյանի փաստաբան. Բացարկ հայտնեցի դատավորին, նրա պատասխանատվության հարց կբարձրացնեմ
«Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ միջնորդությունը, ինչպես զարմանալիորեն հայտնաբերեցինք, ուղղված էր ոչ թե Հակակոռուպցիոն դատարանին, այլ Երևանի դատարանին»,-այսօրվա դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նրա խոսքով, ինքն անմիջապես պահանջել է միջնորդությունը թողնել առանց քննության, քանի որ իրեն հասցեագրված չէ։ Հիշեցնենք, որ միջնորդությունը քննում է դատավոր Գիվի Հովհաննիսյանը։
«Դրան ի պատասխան մեր «հարգելի» դատավորն ասաց՝ տեխնիկական վրիպակ է։ Նման կարգավորում չկա, նման բան Քրեական դատավարության օրենսգրքում չկա։ Այս հարցի վերաբերյալ անպայման դատավորի պատասխանատվության հարց կբարձրացվի։ Ինքը վարույթ է ընդունում միջնորդություն, որն իրեն չի հասցեագրված»,-ասաց Աթանեսյանը։
Նրա խոսքով, նիստում բացարկ են հայտնել դատավորին՝ հաշվի առնելով, որ դատավորի հայրը, եղբայրը ժամանակին մարտի 1-ի իրադարձություններով պայմանավորված ենթարկվել են քաղաքական հալածանքների նախկին իշխանությունների կողմից։
«Ինքն էլ եղել է փաստաբան, ես ինչքան հիշում եմ, ականատես եմ եղել, խնդիրներ են ունեցել։ Ես ասացի՝ եթե քո ընտանիքը ենթարկվել է հալածանքի, ապա ինչպե՞ս ես դատում նախկին իշխանության ներկայացուցչին։ Դա էլ մերժեց, ասաց՝ Աշոտյանը չի եղել ոչ քննիչ, ոչ դատախազ, ոչ դատավոր։ Ակամայից հերքեց, որ իր լուսահոգի հայրը, եղբայրը քաղբանտարկյալներ չեն եղել, քանի որ պարզ է, քաղաքական հետապնդումը չի լինում քննաիչի, դատախազի, դատավորի ձեռքով, պարզ է, թե որտեղից է լինում։ Այսպիսի մի քաոսի առջև ենք կանգնել։ Ես դատավորին խնդրեցի, եթե համարում է, որ հայրն ու եղբայրը ենթարկվել են քաղաքական հալածանքի, հեչ պարտադիր չէ, որ ինքն էլ իրականացնի քաղաքական հալածանք»,-ասաց Աթանեսյանը։
Անդրադառնալով նիստի հետաձգմանը՝ փաստաբանն ասաց, տեղյակ չի եղել, հետո պարզվել է, որ քննիչը միջնորդությանը կից ներկայացրել է 9 ձայնասկավառակ, որում եղած ձայնագրության տևողությունը 23 ժամ է։
«Հիմա քննիչը պետք է ապահովի, որ պարոն Աշոտյանը քրեակատարողական հիմնարկի պայմաններում ծանոթանա դրան»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկման դատական նիստը հետաձգվեց
- Նարեկ Մալյան. Շատ մոտ ժամանակում սպասեք այն կանչին, որով սրբելու ենք սրանց
- Մելիքյան. Աշոտյանի դեմ շինծու քրգործի հիմքում դրված գործարքից Բժշկական համալսարանը լուրջ օգուտ է ստացել
- Րաֆֆի Հովհաննիսյան. Աշոտյանը, Ասլանյանը, Վերմիշյանը քաղբանտարկյալներ են
- Ռուբեն Մելիքյան. Տնային կալանքը վերածվել է եվրոպացիների աչքերին «թոզփչոցիի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան