Արարատ Միրզոյան. ԼՂ-ի համանման հումանիտար բարդ իրավիճակները միայն մեկ երկրի խնդիրը լինել չեն կարող
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։
Նախարարությունից հայտնում են՝ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով ԼՂ 120 հազար բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները։
Նա մասնավորապես ընդգծել է խոցելի խմբերի, այդ թվում` հղի կանանց, տարեցների, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար իրավիճակի սրությունը` նշելով, որ նրանք զրկված են անհրաժեշտ դեղորայքից և բժշկական աջակցությունից:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար և անխափան գործունեության ապահովման կարևորությանը:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ համանման հումանիտար բարդ իրավիճակները միայն մեկ երկրի խնդիրը լինել չեն կարող. Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ ԼՂ անխափան կապի վերականգնման համար անհրաժեշտ են քաղաքակիրթ աշխարհի միասնական ջանքեր:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին: Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել քայլեր ձեռնարկել ՀՀ և Բելգիայի միջև փոխգործակցության զարգացման ուղղությամբ՝ ներառյալ բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան