«Ժողովուրդ». Գնդապետի որդու դանակահարության գործով նախաքննական մարմինը մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցրել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով ուշագրավ որոշում է կայացվել։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը գործով անցնող մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցրել է՝ դատահետքաբանական փորձաքննության հիմքով։
Գրել էինք, որ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով անցնում է նաև Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդին` Արեգ Վաղարշյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նա ձերբակալվել է, ավել ուշ դատարանը Արեգ Վաղարշյանին ազատ էր արձակել:
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթն անձամբ փորձել էր պարզել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանից, ինչին ի պատասխան՝ նա ասել էր. «Իմ որդին իրականում այնտեղ ներկա է եղել, ինքը ականատես է։ Ես բոլոր պետական մարմիններին վստահում եմ, իրենք օբյեկտիվ քննությունը կիրականացնեն, և դուք օբյեկտիվ ճշմարտությունը կիմանաք»:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ էին հնչել, և հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդին` 35-ամյա Էդուարդ Նադարյանը, որի մարմնի վրա առկա էին եղել սուր կտրող-ծակող գործիքով արված 10-ից ավելի հարվածի հետքեր: Իսկ, ահա, նշված շենքի բակում հայտնաբերել էին արնանման հետքեր, ատրճանակ, 2 փամփուշտ։ Թե որն է եղել ոստիկանության գնդապետի որդուն դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու և կրակոցներ արձակելու պատճառը, իրավապահները դեռևս պարզում են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում