Հավայան կղզիներում որոշել են սառեցնել ապրանքների գները` Մաուիի ավերիչ հրդեհներից հետո
ԱՄՆ Հավայան կղզիների Սպառողների պաշտպանության գրասենյակը կարգադրել է Մաուի կղզում սառեցնել ապրանքների գների` ավերիչ հրդեհների ֆոնին, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 55 մարդ: Պաշտոնյաները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել. առնվազն հազար հոգի անհետ կորած է համարվում։
Գրասենյակի հայտարարության համաձայն, նախատեսվում է գների սառեցումն ուժի մեջ թողնել առնվազն մինչև ամսվա վերջ` «մինչև [այս կարգադրությունը] չդադարեցվի կամ չփոխարինվի արտակարգ դրության մասին առանձին հայտարարությամբ»:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, սառեցումը նշանակում է, որ ապրանքները պետք է վաճառվեն արտակարգ դրությանը նախորդած ժամանակաշրջանի գներով։ Ըստ Սպառողների պաշտպանության գրասենյակի, պետք է նույն մակարդակի վրա պահպանվեն սննդամթերքի, խմելու ջրի, սառույցի, բենզինի, կերակուր պատրաստելու համար վառելիքի, մարտկոցների, գեներատորների, բժշկական պարագաների և շինանյութերի գները:
Ըստ պաշտոնյաների, կպահանջվեն տարիներ և միլիարդավոր դոլարներ, որպեսզի կղզին վերականգնվի: Մաուիի պատմական առողջարանային քաղաքը՝ Լահայնան վերածվել է մոխրակույտի: Քաղաքում շրջելուց հետո, նահանգապետ Ջոշ Գրինը հայտարարել է, թե այն «ողբերգական կերպով անհետացել է». «Երբ տեսնեք Լահայնայում ավերածությունների ողջ ծավալը, կցնցվեք: Ասես ռումբ է պայթեցվել»:
Գրինը կոչ է արել հյուրանոցների և տների սեփականատերերին իրենց դռները բացել կղզու այն բնակիչների առջև, ովքեր հրդեհի հետևանքով կորցրել են ամեն ինչ:
Լահայնայի գործարարներից Թիֆանի Քիդդեր Ուինը «Associated Press»-ին փոխանցել է, որ քաղաքը «նման է պատերազմական գոտու և ամբողջովին ոչնչացվել է»:
Լահայնայում առաջին բուժօգնության աշխատակիցները շարունակում են իրենց աշխատանքը` հայտնաբերել և նույնականացնել կրակին զոհ դարձած մարդկանց` հինգշաբթի ասել է Մաուիի քաղաքապետ Ռիչարդ Բիսենը:
Քաղաքապետը դիմել է մարդկանց, որոնց տները չեն վնասվել, որպեսզի նրանք առայժմ ձեռնպահ մնան տուն վերադառնալուց, քանի որ տակավին ընթանում են զոհված մարդկանց մարմինները հայտնաբերելու աշխատանքներ։
Տեղի պաշտոնյաների խոսքով, Մաուիի հրդեհները Հավայան կղզիների ամենից մահաբեր բնական աղետն են 1961 թվականից ի վեր, երբ ցունամիի հետևանքով Մեծ կղզում զոհվեցին 61 հոգի:
Հարակից հրապարակումներ`
- Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի
- Հավայան կղզիներում հրդեհները ոչնչացրել են զբոսաշրջիկների շրջանում սիրված առողջարանային քաղաքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան