Րաֆֆի Հովհաննիսյան. Աշոտյանը, Ասլանյանը, Վերմիշյանը քաղբանտարկյալներ են
Հայաստանի նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է։ Այս պարագայում, նրա խոսքով, օրենքը կիրառվել է ընտրովի ու այն ունի քաղաքական դրդապատճառ։
Նրա գնահատմամբ, քաղբանտարկյալներ են նաև Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը։
«Ես միշտ՝ արդեն 30 տարի բոլոր իշխանությունների օրոք եղել եմ քաղբանտարկյալների կողքին։ Նրանք ինձ համար գույն չունեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ 90-ականներից սկսած մենք ունեցել ենք քաղբանտարկյալներ, և ես միշտ նրանց կողքին եմ եղել։ Այո, պարոն Աշոտյանը եղել է իշխանավոր, նրա իշխանության օրոք էլ եղել են քաղբանտարկյալներ, ինչպես դրանից առաջ։ Ցավոք, սրտի, հիմա նա է դարձել քաղբանտարկյալ»,-ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով, ինքը դատարանի դիմաց է՝ աջակցելու Աշոտյանին, որպեսզի Հայաստանում վերականգնվի իրավունքի գերակայությունը։
«Այն իշխանությունը, որ եկել է ժողովրդի շարժումով, դարձել է հակաժողովրդական ու հակաժողովրդավարական, իր այցեքարտը դարձել է քաղբանտարկյալները»,-նշեց նա՝ պահանջելով ազատ արձակել Արմեն Աշոտյանին։
Ավելի վաղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել էր՝ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու «առաքելությունը» այս անգամ վերապահվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին:
Դատական նիստը մեկնարկել է ժամը 14:00-ին, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում: