Արցախում երեխաները սովամահ են լինում, ի՞նչ եք անում Հայաստանում, փողոց իջեք, ինչի՞ն եք սպասում․ Արամ Առաջին
«Խոր մտահոգությամբ ենք հետևում Արցախում տիրող ներկա ճգնաժամային կացությանը։ Շրջափակման ենթարկված Արցախում մեր ազգի զավակները սովամահ լինելու ամիջական վտանգի են ենթակա»,- օգոստոսի 12-ին Սուրբ Աստվածածնի վանքի ուխտի պատարագից հետո իր ելույթում ասում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ նշելով, որ իր հայրապետական պատգամը ուղղված է 5 հասցեներով:
«Մեր առաջին պատգամն ուղղված է Հայաստանի իշխանությանը: Ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հողային ամբողջականությունը ճանաչելու խոստումները կատարել՝ առանց ապահովելու իր անվտանգությունն ու ինքնուրույնությունն երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը:
Ինչպե՞ս կարելի այսպես կոչված ամբողջական խաղաղության հաստաստման ի խնդիր պատրաստ լինել հանձնառություններ կատարելու, երբ նման մոտեցումները կարող են վտանգել ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանի ամբողջականությունը և նույնիսկ գոյությունը»,- նշում է Արամ Առաջինը։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ընդգծում է, որ հարկավոր է Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում Հայաստանը դուրս գա պարտված լինելու հոգեվիճակից և սոսկ զիջումներ կատարելու կացությունից, ավելին՝ Հայաստանը պետք է առկախի բոլոր բանակցությունները Ադրբեջանի հետ, մինչև որ վերջ դրվի Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից:
«Հարկավոր է խուսափել նոր պատերազմից, սակայն սա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի պահանջներին: Անհրաժեշտ է որդեգրել ճկուն, բայց մարտունակ գործելաոճ։ Պետք է մերժել որևէ մոտեցում, որն Արցախը կդիտարկվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության անբաժան մասը։
Ուզում ենք կարևորությամբ շեշտել, որ Արցախի շրջափակման վերջ տալը և Արցախի ինքնորոշման կարգավիճակն առավել շեշտավորումով միջազգային հարթակ բերելը պետք է Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականության կիզակետը դառնա»,-նշում է Արամ Առաջինը։
Ներկա ճակատագրական պայմաններում Արամ Ա-ն, որպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, առաջարկում է, որ իշխանության, ընդդիմության և Սփյուռքի ներկայացուցիչներից բաղկացած, քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառություն ունեցող, վստահություն վայելող մի մարմին ստեղծվի, որն ամբողջական պատասխանատվություն կստանձնի բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ նոր ոճով և նոր մոտեցմամբ:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Հայաստանի ժողովրդին ուղղած իր պատգամում ասում է․ «Մեզ համար տարօրինակ է՝ Արցախի ժողովրդի ներկա ողբերգական կացության պայմաններում Հայաստանի ժողովրդի լռությունը, ավելի ճիշտ՝ անտարբերությունը: Մեր եղբայրները, քույրերը, երեխաները սովամահ լինելու վիճակում են Արցախում, դուք ի՞նչ եք անում Հայաստանում։ Փողոց իջեք, ինչի՞ն կսպասեք․ աշխարհը մեզ է նայում, ժողովրդի ձայնը բարձր է աշխարհի բոլոր ձայներից ու տեսակետներից։
Ձեր ժամանակը մի վատնեք փոխադարձ մեղադրանքներով, բացված ճեղքերն ավելի խորացնելով, ոտքի ելեք, արդարություն պահանջեք աշխարհից: Հայաստանի մեջ կյանքը չի կարող բնական լինել, երբ Արցախում ծայրահեղորոեն անբնական է կյանքը»։
Արամ Առաջինը դիմել է նաև միջազգային հանրությանը, Սփյուռքին, Արցախի ժողովրդին։
«Արցախի ժողովուրդը խորհրդարանի միջոցով արտահայել է իր հավաքական կամքը՝ ճանաչում հանուն փրկության։ Մենք ևս մեր ձայնը, մեր ժողովրդի ձայնը միացնելով Արցախի խորհրդարանին՝ հայտարարում ենք խորհրդարանի բառերով և խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Արցախի Հանրապետութան անկախության ճանաչումն է միջազգային համայնքի կողմից՝ ճանաչում՝ հանուն փրկության սկզբունքի հիման վրա»,- ասում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
Արամ Ա-ի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան