Թուրքիայում առաջիկա օրերին սպասում են Պուտինի այցին
Անկարան ակտիվացրել է դիվանագիտական աշխատանքը և ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է այցելել Թուրքիա արդեն առաջիկա օրերին, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։
Թուրքական «A Haber» հեռուստաալիքը շաբաթ օրը հայտնել է, որ Թուրքիայի և ՌԴ առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը կարող են անձնական բանակցություններ վարել օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին, և չի բացառվում նաև Էրդողանի այցը Ռուսաստան:
«Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների ծրագրվող բանակցությունների օրն ու վայրը դեռ քննարկման փուլում են, թուրքական կողմն ակնկալում է, որ այն տեղի կունենա օգոստոսին»,- «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են մոտ ժամանակներս հստակ որոշել հանդիպման վայրը և ժամկետները: Նրա խոսքով՝ երկու առաջնորդների բանակցությունների առաջիկա օրակարգում երկկողմ հարաբերություններն են, Ուկրաինան և «հացահատիկի գործարքի» հարցը: