Առաջնագծի որոշակի ուղղություններով կա ադրբեջանական ակտիվություն․ Աբրահամյան
Առաջնագծի որոշակի ուղղություններով կա ադրբեջանական ակտիվություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ ակտիվությունը դրսևորվում է ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտումների ծավալի որոշակի աճով, այլ նաև՝ շարժերով։
«Ակտիվությունը մեծացավ այն ժամանակ, երբ ՀՀ-ն դիմել էր ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Արցախի հետ կապված իրավիճակը քննարկման դնելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցներն սկսեցին արձանագրել այն՝ որպես բանակցային գործընթացի «տորպեդահարում», նույնիսկ՝ բանակցային գործընթացից դուրս գալ։ Դրանք այն լրատվամիջոցներն էին, որոնք գտնվում էին ադրբեջանական իշխանությունների ուղիղ վերահսկողության ներքո և ակնհայտ է, որ դա արտահայտնում էր նաև պաշտոնական քաղաքական գիծը»,- ասաց Աբրահամյանը։
Պատգամավորի կարծիքով՝ առաջնագծում ադրբեջանական ակտիվությունը պայմանավորված է նաև Արցախում ստեղծված իրավիճակով։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի պլանավորումներն ու հաշվարկները չեն իրականանում, որովհետև նույնիսկ այսօրվա ստեղծված ծանր պայմաններում՝ կենցաղային անմարդկային պայմաններում, մարդիկ իրենց նպատակների, սկզբունքների ու գոյությունը պահպանելու համար փաստացի թքած ունեն ամեն ինչի վրա՝ անկախ նրանից,թե ինչ է անում միջազգային հանրությունը, ինչ քայլերի է դիմում Ադրբեջանը , ինչպիսի լուռ համաձայնությամբ այդ ամեն ինչի համար «կանաչ լույս» է վառում ՀՀ իշխանությունը։ Սա, բնականաբար, հունից հանում է Ադրբեջանին»,- ասաց Աբրահամյանը։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, քաղաքական գործիչը նշեց, որ իրականության մեջ բավականին մեծ խոչընդոտներ է առաջացել։
«Մի կողմից կա ադրբեջանական առավելապաշտությունը՝ հասնել ամեն ինչի , ամեն գնով, և կա ՀՀ իշխանությունների կողմից որոշակի մտավախություն առ այն, որ շարունակվող մեծաթիվ կորուստները կարող են Հայաստանում նոր իրավիճակ ստեղծել, ինչը նրանց համար կարող է իշխանության գին ունենալ։ Քանի որ այս իշխանության համար կարևորը սեփական իշխանության պահպանումն է, ապա այս իրավիճակը բերելու է որոշակի դանդաղեցմանը։ Չեմ ուզում գուժել, որ իրավիճակը կարող է բերել ծանր հետևանքների, բայց ամեն դեպքում, եթե համեմատենք 1-2 ամիս առաջ եղած իրավիճակի հետ, ապա լարվածության աճի դինամիկա նկատվում է»,- ընդգծեց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան