Բելառուսում Հայկ Քառյանը մեկ հարվածով գիտակցությունից զրկեց ադրբեջանցուն
Հայաստանի կարատեի ազգային հավաքականը գտնվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ ԱՊՀ 2-րդ խաղերին մասնակցելու նպատակով:
Հայաստանը ներկայացնող 84 կգ քաշային կարգում հանդես եկող Հայկ Քառյանը բրոնզե մեդալի համար մրցամարտի հերթկան ռաունդի 5-րդ վայրկյանին մեկ հարվածով գետին տապալեց ադրբեջանցի մարզիկ Հուսեյն Հուսեյնզադեին : Դահլիճում ներկա ադրբեջանցի հանդիսատեսը Հուսեյնզադեին հորդորում էր ոտքի կանգնել և շարունակել մարտը, բայց ապարդյուն՝ նրան տարան անգիտակից վիճակում: Ու քանի որ ադրբեջանցին ուշաթափվել էր՝ մնացածը կարատեի կանոններով: Ուշագրավ էր նաև մենամարտը լուսաբանող բելառուս հաղորդավարների ակնհայտ կողմնակալ վերաբերմունքն Ադրբեջանցի մարզիկի հանդեպ:
Panorama.am-ը մի քանի հարց ուղղեց Հայաստանի կարատեի ազգային ֆեդերցիայի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանին:
Panorama.am-Ձեր սանի՝ Հայկ Քառյանի՝ ադրբեջանցուն հասցրած հարվածը մշակվա՞ծ էր, քանի որ այն շատ հստակ էր ու նպատակային: Բրյուս Լին ասում էր՝ ես չեմ վախենում նրանից, ով 10 000 տարբեր հարվածներ է ուսումնասիրում, ես վախենում եմ նրանից, ով մի հարվածը 10000 անգամ է ուսումնասիրել:
Ս. Մակարյան-Մեր սաների բոլոր հարվածներն էլ մշակված են: Ադրբեջանցի մարզիկը սխալ հաշվարկով մոտեցավ Հայկին և ստացավ հուժկու հարված ծնոտին:
Panorama.am-Տեղեկություն ունեք, թե ի՞նչ առողջական վիճակում է ադրբեջանցի մարզիկը:
Ս. Մակարյան-Տեղեկություն չունեմ, գիտակցությունը կորցրել էր, պատգարակով տարան:
Panorama.am-Ինչ էր Ձեր համար Հայկի հաղթանակն ադրբեջանցու հանդեպ:
Ս. Մակարյան-Իմ համար իմ սաների բոլոր հաղթանակներն էլ շատ կարևոր են, քանի որ մենք պարապում ենք շատ քրտնաջան, աշխատում ենք, որ Հայաստանի հանրապետության հիմնը միշտ հնչեցնենք և դրոշը բարձր պահենք: Մեր մարտավարությունն է՝ բոլոր երկրների ներկայացուցիչները մեր մրցակիցներն են տատամիի գորգի վրա, և երբ մենք գորգ ենք բարձրանում, ապա միայն հաղթելու նպատակադրմամբ:
Panorama.am- Ասացիք քրտնաջան մարզումների մասին, իսկ դրանց ընթացքում, կամ մրցումներում կոտրվածներ լինում են:
Ս. Մակարյան-Սպորտ է, մշտապես նման դեպքեր լինում են, անձամբ իմ մոտ չի եղել:
Panorama.am-Ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին:
Ս. Մակարյան-Մեր ժողովրդին համախմբվածություն եմ մաղթում, մեր բոլոր մարզիկներին՝ հաղթանակներ, աշխարհին էլ՝ խաղաղություն:
Panorama.am-Մենք էլ ենք հաղթանակներ մաղթում՝ առանց վնասվածքների։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում նախատեսված Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը հետաձգվում է
- Կարատեի Հայաստանի 2022 թվականի չեմպիոններն են
- Կարատեիստ Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայում նվաճել է բրոնզե մեդալ