«Ժողովուրդ». Արարատի զորամասում ազատումներ են սպասվում. Որն է պատճառը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արարատի զորամասում ազատումներ են սպասվում։ Պատճառը զորամասի ժամկետային 2 զինծառայողների կողմից ինքնասպան լինելու դեպքերն են։
ArmLur.am-ը գրել էր, որ օգոստոսի 10-ին ՊՆ Արարատի զորամասի դիրքում կյանքին վերջ տված Ժորա Կարապետյանը և օգոստոսի 11-ին ՊՆ զորամասի մեջ կյանքին վերջ տված Գրանիկ Խնկոյանը նույն զորամասի ժամկետային զինծառայողներ են։ Նշենք, որ, ըստ նախնական վարկածի, երկու զինվորների՝ կյանքին վերջ տալու դեպքերը կապ չունեն միմյանց հետ։ Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, որ օգոստոսի 11-ին զորամասի ներսում մինչ Գրանիկ Խնկոյանի ինքնասպան լինելը իրադարձություններ են ծավալված եղել։ Armlur.am-ը տիրապետում է միջադեպի ողջ մանրամասներին, սակայն առայժմ չենք հրապարակում նախաքննությանը չվնասելու համար։
Փաստենք, որ նույն զորամասի հրամանատարը, կորպուսի հրամանատարն անգործության են մատնված և չեն տիրապետում զորամասում տիրող իրավիճակին կամ տիրապետել են, սակայն քայլեր չեն ձեռնարկել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին էլ մահացել էր Ժորա Կարանետյանը, կա երկու ձերբակալված։ Զինվորին ծառայակիցներն էին հասցրել այն վիճակին, որ նա վերջ էր տվել կյանքին, իսկ պատճառը եղել էր դիրքում քնելը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում