Հայաստանում կորանավիրուսով հիվանդացության դեպքերն ավելացել են
Աշխարհում 2023 թվականի սկզբից Covid 19-ի դեպքերը կտրուկ նվազել են: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ նվազել է և՛ վարակման դեպքերի, և՛մահվան դեպքերի թիվը:
Այդուհանդերձ, օրեր առաջ ԱՀԿ-ն հայտարարեց, որ վերջին մեկ ամսում կորոնավիրուսով պայմանավորված դեպքերն 80 տոկոսով աճել են։ Բացի այդ, ԱՀԿ-ն հայտնել էր, որ «Օմիկրոն» շտամի նոր ենթատեսակը ևս՝ «Էրիս»-ը (EG.5.1), ակտիվորեն տարածվում է ամբողջ աշխարհում։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից փորձեցինք պարզել, թե կորոնավիրուսով պայմանավորված ինչ իրավիճակ է Հայաստանում։
ՀՎԿԿ բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վերջին 14 օրվա ընթացքում հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 27 դեպք, ինչը դրան նախորդող 14 օրվա համեմատ ավելի է 8-ով։
Այս պահին, ըստ նրա, ստացիոնար բուժում է ստանում 15 մարդ։ Բարեբախտաբար մահվան դեպք չի գրանցվել։
«Ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն է։ Կորանավիրուսն այսօր դիտարկվում է սուր շնչառական վարակների շրջանակներում»,- ասաց նա։
Ներսես Գրիգորյանը նաև նշեց, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսների տեսակները դասակարգել է՝ որպես անհանգստություն առաջացնող, որոնք այս պահի դրությամբ այլևս չեն շրջանառվում, շրջանառությունից դուրս եկած տեսակներ, ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող տեսակներ, որոնց մեջ ներառված է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը․ այն շրջանառվում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։
«Այս պահին ամբողջ աշխարհում շրջանառվում են «Օմիկրոն»-ի մի շարք տեսակներ, բայց դրանցից որևէ մեկը չի համարվում անհանգստություն առաջացնող»,- ընդգծեց համաճարակաբանը։
Նշենք նաև, որ Հայաստանում 2020 թ-ի մարտին կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերումից ի վեր COVID-19 է հաստատվել 446 614 մարդու մոտ:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը մեկ ամսում աճել է 80 տոկոսով․ ԱՀԿ
- Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր ենթատեսակն արագորեն տարածվում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին