Գագիկ Ծառուկյանը, նրա ծնողները, կինն ու երեխաները հրավիրվել են դատախազություն
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նրա որդիները՝ Նվեր և Հովհաննես Ծառուկյանները, կինը՝ Ջավահիր Ծառուկյանն ու ծնողները՝ Ռոզա և Կոլիկ Ծառուկյանները, ինչպես նաև Ծառուկյանների հարսը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» հարթակից։
Նշվում է, որ վերջիններիս պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Գագիկ Ծառուկյանին և կնոջն ուղարկված ծանուցումների համաձայն՝ նրանց ներկայանալ անհրաժեշտ է 2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 11:00-ին, որդիներին և հարսին՝ նույն օրը՝ ժամը 11:30-ին և 12:00-ին, իսկ ծնողներին՝ 12:30:
Ծառուկյանների ընտանիքը հրավիրվել է դատախազություն՝ ուսումնասիրության նյութերին ծանոթանալու և ամփոփագրի առնչությամբ դիրքորոշում ներկայացնելու համար։