Սպիտակցի Հայկոն, Իվետա Մուկուչյանն ու այլ երգիչ-երգչուհիներ պահանջում են վերանայել Սմբատյանի կալանավորումը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորումը վերանայելու հանրային պահանջին միացել են նաև այլ արվեստագետներ։
Նրանք բաց նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Արվեստագետները միջնորդում են, որպեսզի հաշվի առնվի Հայաստանի մշակութային կյանքում Սերգեյ Սմբատյանի բացառիկ դերակատարումը, գեղարվեստական տաղանդն ու անգնահատելի ներդրումը, և կոչ են անում պատկան ատյաններին վերանայել Մաեստրոյի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը.
«Մենք՝ արվեստագետներս, այս բաց նամակով մեր մտահոգությունն ու սրտանց աջակցությունն ենք հայտնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մաեստրո Սերգեյ Սմբատյանին:
Նրա ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վերելք է ապրել և միջազգային ճանաչում ձեռք բերել՝ հարստացնելով Հայաստանի մշակույթը: Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նվիրումն իր երկրին և գործին արժանացել են հիացմունքի և ծափերի աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, որտեղ նա բազմիցս հպարտությամբ ներկայացրել է մեր երկիրը: Բազում նախագծեր միասին իրականացնելով՝ կարող ենք փաստել, որ հասարակության մեծ զանգված յուրահատուկ վերաբերմունք ունի նրա նկատմամբ և ընդունում է որպես իրենց ժամանակների արվեստի հերոս, ով ուղեկից է դարձել դեպի բարձր արժեքներ:
Ընդունելով նրա այս բացառիկ դերակատարումը, գեղարվեստական տաղանդն ու այն դրական ազդեցությունը, որը նա ունի Հայաստանի մշակութային կյանքում, դիմում ենք ձեզ՝ հաշվի առնել այդ անգնահատելի ներդրումն ու մեր երկրի մշակույթի զարգացմանն ու տարածմանը մատուցած ծառայությունները: Մենք բոլորս, նրա հավատարիմ հանդիսատեսը համախմբված ենք Սերգեյ Սմբատյանին աջակցելու հարցում և ամուր կանգնած ենք նրա թիկունքին:
Մենք ընդունում ենք, որ օրենքի գերակայությունը մեծ նշանակությունը ունի ցանկացած հասարակության համար, և մենք էլ, կարևորելով գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, խնդրում և միջնորդում ենք Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերանայել և չխոչնդոտել նրա ստեղծագործական ընթացքը»։
Կամո Սեյրանյան, դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ
Ռազմիկ Ամյան, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
Զարուհի Բաբայան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
Նունե Եսայան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
Շուշան Պետրոսյան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
Ալլա Լևոնյան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
Ավետ Բարսեղյան, հաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Արամայիս Հայրապետյան, ռեժիսոր
Նազենի Հովհաննիսյան, դերասանուհի
Հայկ Ղևոնդյան (Սպիտակցի Հայկո), երգիչ
Սարո Թովմասյան, երգիչ
Արամ Սարգսյան (Արամ MP3), երգիչ
Սոֆի Մխեյան, երգչուհի
Սոնա Ռուբենյան, երգչուհի
Իվետա Մուկուչյան, երգչուհի
Գարիկ Պապոյան, հաղորդավար, հումորիստ, երաժիշտ
Ռոլանդ Գասպարյան, («Ռեինկարնացիա»), երգիչ»։
Հարակից հրապարակումներ`
- «Ես տեսել եմ Մաեստրո Սմբատյանի անսահման նվիրումը Հայաստանին, հայկական մշակույթին, մարդկանց ու դասական երաժշտությանը». Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի
- Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին որոշում է կայացվել
- Միխայիլ Շվիդկոյ. Արմեն Սմբատյանին ազատազրկելը երկրի հեղինակության համար լուրջ ռիսկեր է պարունակում միջազգային իրավունքի տեսակետից
- Ստորագրահավաք՝ ի աջակցություն Սերգեյ Սմբատյանի
- Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդագրին միացել են նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչները
- Արամ Խաչատրյանի որդին՝ ի աջակցություն Սմբատյանների դիմել է Նիկոլ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան