Ստեփանակերտում այսօրվանից գործում է բարեգործական ճաշարան
Ստեփանակերտում այսօրվանից գործում է բարեգործական ճաշարան՝ շրջափակման հետևանքով ստեղծված սոցիալական իրավիճակը մեղմելու և բնակչության առավել տուժած խմբերին սննդով ապահովելու նպատակով:
Արցախի անվտանգության և զարգացման ճակատի փոխանցմամբ, ճաշարանը գործելու է «Պարկ հոթել» հյուրանոցի տարածքում՝ օգտագործելով շրջափակման հետևանքով արդեն չգործող հյուրանոցի ճաշարանային ու խոհանոցային հնարավորությունները:
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության միջոցով և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի օրհնությամբ ու ներգրավվածությամբ:
Հանրային սննդի ծառայություն մատուցող մասնավոր ընկերություններից մեկի հետ կնքվել է ծառայության մատուցման պայմանագիր, և վերջինս պարտավորվել է օրական մեկ անգամ սնունդով ապահովել ծրագրի շահառուներին:
Ծրագրի գաղափարն առաջարկվել է՝ հաշվի առնելով, որ այսպիսի սոցիալական-բարեգործական ճաշարաններ գործում են տարբեր երկրներում: Դժվարին իրավիճակներում դրանք ոչ միայն ուղղված են խոցելի խմբերին հնարավորինս աջակցելուն, այլև հոգեբանական նշանակություն ունեն, և ստեղծում են նաև շփման միջավայր՝ թույլ չտալով մարդկանց պարփակվել:
Հաշվի է առնվել նաև այն, որ առանձին սոցիալական խմբերի սնունդ բաշխելու տեխնիկական հնարավորություն չկա, բայց հնարավորություն կա սուղ մթերքից ճաշատեսակ պատրաստել և մատուցել մարդկանց:
Ճաշարանի տարածքն ընտրվել է՝ հաշվի առելով նաև, որ այն գտնվում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հարևանությամբ, և հոգևորականները նույնպես այցելելու են քաղաքացիներին՝ շփվելու նրանց հետ:
Ճաշարանը մարդկանց սպասարկելու է ժամը 13.00-16.00-ի հատվածում: Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 16 տարեկան երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաև հղի կանայք ու 65 տարեկանից բարձր տարեցները:
Հնարավորության դեպքում ծրագիրն ընդլայնվելու է. նախատեսվում է ևս մեկ նման կետ բացել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ: