Շունը փրկել է փոքրիկ տղային արջից
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Շերման քաղաքում ընտանի շունը արջից փրկել է չորս տարեկան տղային։
Շան տերը՝ Գրեգորի Գրանտը, պատմել է, որ իր որդին՝ Գևինը զբոսնելիս է եղել տան բակում, երբ հենց իր դիմաց նկատել է սև արջի։ Փոքրիկը վախեցել է ու սկսել է փախչել։ Այդ պահին երեխային օգնության է հասել Ջեյք անունով ոսկեգույն ռետրիվերը։ Շունը հետապնդել է արջին և վտարել նրան բակից։ Տեղի ունեցածը ֆիքսել է տեսահսկման տեսախցիկը, գրում է «Լենտա․ռու»-ն։
Գրեգորի կարծում է, որ արջը հնարավոր է չվնասեր երեխային, այնուամենայնիվ, Ջեյքն ամեն ինչ արել է տղային հնարավոր հարձակումից պաշտպանելու համար:
Նա նշել է, որ ավելի ուշ շունը պարգևատրվել է հերոսական արարքի համար․ ստացել է պաղպաղակ, լողացել է այդ երեկո։ «Նա ստացել է այն ամենը, ինչ հնարավոր է։ Ջեյքն այդ օրը մեզ շատ օգնեց»,- հավելել է Գրեգորին։