Սոս Ջանիբեկյանի հետ քննարկում եղել է, սակայն դեռ «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել
Մի քանի օր է լուրեր են շրջանառվում Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի պաշտոնում դերասան Սոս Ջանիբեկյանի նշանակման մասին։ Թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանն էլ երեկ ասել էր՝ չնայած տնօրենի պաշտոնի համար մրցույթը չի հայտարարվել, սակայն թատրոնում հաճախ են տեսնում Սոս Ջանիբեկյանին։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս թատրոնի տնօրենի նշանակման համար մրցույթ չի հայտարարվել, ժամկետների մասով էլ այս պահին որևէ տեղեկատվություն չկա։
«Որևէ մեկը չի նշանակվել տնօրեն։ Երկու գործընթաց գոյություն ունի։ Առաջին՝ ուղիղ նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար, դրանից հետո նա պարտավոր է երկու տեսակի քննություն անցնել՝ թեստավորում, հարցազրույց, երկրորդ՝ հայտարարվում է մրցույթ, ցանկացողները մասնակցում են, մրցույթը հաղթահարած անձը քաղաքապետի որոշմամբ նշանակվում է տնօրեն։ Երկու ընթացակարգի մասով էլ հստակ որևէ որոշում չկա»,- ասաց նա։
Նշենք, որ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Մակիչ Մարգարյանը։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է շրջանառվում Սոս Ջանիբեկյանի անունը որպես թատրոնի տնօրեն, արդյո՞ք որևէ քննարկում եղել է, Հ. Կոստանյանն ասաց. «Ինձ ասացին՝ քննարկում եղել է Սոս Ջանիբեկյանի հետ, դրանից ավելի որևէ հստակ բան չկա։ Ինքն էլ է դա հաստատել»։
Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն հիմնադրվել է 1986 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով։ Երկար տարիներ թատրոնի գեղարվեստական ղեկավար է աշխատել ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը, 2015 թվականի դեկտեմբերի 1-ից՝ նրա որդին՝ կինոռեժիսոր, պրոդյուսեր Մհեր Մկրտչյանը։ Այս տարվա հունիսի վերջին Մհեր Մկրտչյանը հայտնել էր. «Վերջապես Ավինյանը լուծարեց Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քպ-ական քաղաքապետարանը քպ-ական սոս ջանիբեկյանին լռության դիմաց փոխհատուցում է Թատրոնի տնօրենի պաշտոնը. Աղեկյան
- Արծրուն Չոբանյան. Դեռ չհայտարարված մրցույթն արդեն ունի հաղթո՞ղ
- Ավինյանը լուծարեց Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը․ Մկրտչյան
- Մհեր Մկրտչյան. Թատրոնին նոր տնօրեն պետք ա լինի
- Արսեն Բաբայան. Սոս Ջանիբեկյանն այդ աշխատանքի դիմաց ստանում է վարձատրություն
- Հարուցվել է քրեական գործ՝ դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան