«Սփյուռքն ինչքան էլ վատը թվա` օրհասական պահին սիրտն էլ կտա հայրենիքին». Համլետ Ղալեչյան
«Ազգային մշակույթում ներդրած ավանդի համար» «Արտավազդ» մրցանակակիր` մոսկվայաբնակ ռեժիսոր Համլետ Ղալեչյանի գործերում գերակշռում են հայրենալքության, հայրենիքի հանդեպ պատասխանավության և ձուլման թեմանները: Վերջին բեմադրված հեղինակային ստեղծագործությունը «Մեկը երկուսի համար» պիեսն է:
«Այն գրվեց ու բեմադրվեց 44-օրյա պատերազմից հետո: Լինելով ներգրավված որոշակի փոխգործակցություններում` հերթական անգամ համոզվեցի, որ սփյուռքն ինչքան էլ վատը թվա` օրհասական պահին սիրտն էլ կտա հայրենիքին. հենց այս միտքն էլ դարձավ ներկայացման հիմքը»,- անդրադառնալով երկու տարում ավելի քան քառասուն անգամ խաղացած ներկայացմանը` ասաց ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի «Գավիթ» թատրոնի հիմնադիր-ռեժիսոր Համլետ Ղալեչյանը:
«Մեկը երկուսի համար» ներկայացումը պատմում է թանկարժեք հիվանդանոցի հիվանդասենյակում հայտնված Արմենի ու Արմենակի մասին: Առաջինը ռուսաստանաբնակ մեծահարուստ է, ով ամբողջ կյանքը նվիրել է բիզնեսին, երկրորդը` արտագնա աշխատանքի ժամանակ վատ ինքնազգացողությամբ հիվանդանոց դիմած հասարակ գյուղացի, ում բուժման ծախսերը պատահմամբ հոգում է գրեթե անվանակից ազգակիցը:
Արմենակ Գևորգի Սիմոնյանին մարմնավորում է հայաստանաբնակ, հրավիրյալ դերասան Արման Նավասարդյանը, Արմեն Գևորգի Սիմոնյանին` ծնունդով Աբխազիայից, ռուսաստանաբնակ Աշոտ Քեշյանը:
Հեղինակը կերպարները կերտելիս Արմենակի կերպարում նկատի է ունեցել Արման Նավասարդյանին, ով ցանկություն էր հայտնել խաղալ մոսկվայաբնակ հանդիսատեսի համար: Սակայն դասականների ստեղծագործություններում հայ իրականությանը բնորոշ պիես չէր գտնվել, իսկ պատերազմի օրերի սփյուռքի անձնվիրությունը պիեսի հիմք է դարձել:
«Շատ կարևորում էի, որ Արմենակին մարմնավորեր հայաստանաբնակ դերասան: Նա պետք է ներկայացման վերջում մոտենար հանդիսատեսին ու ձեռքսեղմումներով հեռանար դահլիճից, ինչպես ասում էր պիեսի ընթացքում`երբ հայրենիք եմ վերադառնում` ձեռքերս խրում եմ հայրենի հողի մեջ,կարոտս առնում, լիցքավորվում ու տալիս եմ հեռուներից բերած էն մարդկանց կարոտն ու ջերմութունը, որոնց ձեռքերը սեղմել եմ: Ու Արմենակը հեռանալու էր` կրծքի տակ տանելով կյանքի վերջին օրերն հիվանդանոցում իր հետ անցկացրած մեծահարուստ Արմենի նվերը` բաբախող սիրտը»,- ասաց Համլետ Ղալեչյանը` ընդգծելով, որ ներկայացման համար Արման Նավասարդյանն ամեն ամիս գալիս է Մոսկվա, խաղում մի քանի ներկայացում և խորհրդանշական ձեռքսեղմումներով վերադառնում հայրենիք:
«Գավիթի» ներկայացումներով հետաքրքրվողների թիվը տարեցտարի ավելանում է: Հաճախակի են դարձել թատրոնի միջոցով ծննդյան շնորհավորանքներն ու նմանօրինակ անակնկալները: Հատկանշական է, որ ներակայացումներում ընդգծելով հայրենիքին նվիրված և օգտակար լինելու անհրաժեշտությունը` «Գավիթը» որոշ ընտանիքների «ստիպել է» վերադառնալ: Նմանօրինակ խոստովանություններ հնչել են ոչ միայն ներկայացումների ավարտին, այլև կարելի է տեսնել ներկայացումների մասին մեկնաբանություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան