«Գլխիվայր շրջվել է բախտի անիվը, կորցրեցինք Դիզակ աշխարհը»
Օգոստոսի 15-ին, Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված 1992 թվականի օգոստոսի 15-ին Հադրութի ազատագրմանն ու Առաջին պաշտպանական շրջանի կազմավորմանը: Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, միջոցառումը մեկնարկել է լռության րոպեով՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում հանուն հայրենիքի անմահացած հերոսների:
Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը «Արցախպրես»-ի զրույցում ասել է, որ դժվար է երեք տարի շարունակ Հադրութի վերածնման ու 1-ին ՊՇ կազմավորման տոնը նշել Հադրութից հեռու:
«Այսօր Հադրութը օկուպացված է: 1992 թվականի օգոստոսի 15-ին թշնամին լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Հադրութի ուղղությամբ, կիրառվում էր թշնամու՝ այնժամանակյա ողջ ռազմական արսենալը: Գրավվել էին ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքները, սակայն մեր հերոս տղաների հակահարվածը չուշացավ, ինչի արդյունքում թշնամին ջախջախիչ պարտության մատնվեց և հետ շպրտվեց Հադրութի մատույցներից: Դժվար է այսօրվա իրականությունը: Բայց մենք շարունակելու ենք նշել այս պատմական օրը՝ հանուն մեր քաջորդիների, հանուն մեր հաղթանակների, շարունակելու ենք մեր սերունդներին ցույց տալ, որ հայի միասնականության դեմ պայքարելն անհնար է»,-նշել է Վ. Սավադյանը:
Հադրութի շրջվարչակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Արթուր Մինասյանը վերհիշել է՝ 1992 թվականի օգոստոսի 15-ին մեծ շուքով արժեւորեցին օրվա խորհուրդը:
«Այսօր մենք հադրութցիներով կրկին հանդիպել ենք՝ վերհիշելու հերոսական դրվագները: Բայց գլխիվայր շրջվել է բախտի անիվը: Կորցրեցինք Դիզակ աշխարհը: Անչափելի է նաև մեր մարտիրոսված զավակների կորուստը: Այսօր մենք պետք է ամուր պահենք հույսն ու հավատը, իսկ դրա համար պետք է բազմապատկենք մեր ուժերը»,-ընդգծել է Ա. Մինասյանը:
Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես են եկել Հադրութի Արվեստի և մանկապատանեկան ստեղծագործական դպրոցների սաները:
Ներկա է եղել Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։