ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը կմեկնարկի ժամը 23։00-ին
Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը կմեկնարկի այսօր Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։
Նիտին կարելի է հետևել առցանց՝ այս հղումով։
Նիստին մասնակցելու համար Նյու Յորք է մեկնել ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնոց Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում, մասնավորապես, նշել էր.
«... 2023 թվականի հունիսի 15-ից սրվել է, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի ծայրահեղ պակասը, երբ Ադրբեջանը ամբողջությամբ փակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ մերժելով որևէ տեսակի մուտք Լեռնային Ղարաբաղ, նույնիսկ մարդասիրական: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման կանխամտածված շարունակական խափանումները ծայրահեղ վնաս են պատճառել տուժած բնակչությանը և նրանց կենսագործունեությանը:
Հղում կատարելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակին (S/2022/688) և 2022 թվականի դեկտեմբերի 20-ին գումարված Անվտանգության խորհրդի նիստին հաջորդիվ՝ հայցում ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի գումարում՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Պողոսյան. Այսքանից հետո ի՞նչ արդյունքների կարելի է սպասել ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստից
- Սենատորները հորդորում են ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև
- ՄԱԿ ԱԽ նիստից առաջ Ադրբեջանը փորձել է «անցակետում» դեպքն օգտագործել՝ հերթական բեմականացման նպատակով. Արցախի պետնախարար
- Օսկանյան. Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի ԱԽ նիստում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը
- ՀՀ-ն դիմել է ՄԱԿ ԱԽ՝ ԼՂ հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով․ ԱԳՆ