Թագուհի Թովմասյան. Հրատապ գրություններ եմ պատրաստում ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանությունների
ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանն Արցախում արձանագրված սովամահության դեպքի մասին ահազանգում է միջազգային գործընկերներին։
«Ավելի քան 8 ամիս շրջափակված Արցախի բնակիչ, 1983 թ. ծնված Կ. Հովհաննիսյանը, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետն իրենց հայրենիքում ապրող 100-հազարավոր հայերի համար ստեղծում է կյանքի լրջագույն սպառնալիք։
Ադրբեջանն Արցախում վարում է էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականություն, որի հետևանքները դաժանաբար կրում է խաղաղ բնակչությունը։
Հրատապ գրություններ եմ պատրաստում ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանություններին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին՝ ահազանգելով վերոնշյալ դեպքի մասին և պահանջելով կանխարգելիչ քայլերի իրականացում՝ հանուն 120 000 կյանքերի փրկության և Ադրբեջանի կողմից խախտված միջազգային մարդասիրական իրավունքի վերականգնման»։
Տարածած հաղորդագրության ներքո նա ստորագրել է որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, նաև անկուսակցական պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի Օսվենցիմը
- ԱՀ ՄԻՊ՝ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել
- Ալեն Սիմոնյանը լայն ժպիտով լուսանկարներ է հրապարակում՝ չնայած Արցախի պաշարմանն ու արցախցիների թերսնմանը