Արմեն Սմբատյանի կալանավորումը փոխելու կոչով ՀՀ վարչապետին են դիմել ՌԴ մշակույթի անվանի գործիչներ
ՌԴ արվեստի հայտնի գործիչներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջնորդելով պատկան մարմիններին վերանայել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Արմեն Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Պետական ակադեմիական Մեծ թատրոնի նախկին գլխավոր տնօրեն, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովն իր նամակում ընդգծում է, որ անգնահատելի է Արմեն Սմբատյանի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում, երբ նա Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր։
«ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավարման տարիներին պարոն Սմբատյանի մասշտաբային և հումանիտար կարևոր նախաձեռնությունները հիշարժան իրադարձություններ էին Համագործակցության բոլոր երկրներում։ Վստահ եմ, որ դատական գործընթացը լույս կսփռի այս գործի բոլոր մութ կողմերի վրա, ինչի արդյունքում Արմեն Սմբատյանը հնարավորություն կունենա վերականգնելու իր բարի անունն ու հեղինակությունը։ Ամենայն հարգանքով օրենքի գերակայության նկատմամբ` կուզեի ընդգծել, որ պարոն Սմբատյանի հասարակական գործունեությունը նաև Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն է ուղղված։ Եվ մինչ դատական վճռի կայացումն այդ մասշտաբի գործչի կալանավորումը մեծ վնաս է հասցնում Հայաստանի հեղինակությանը»,- ասված է Անատոլի Իկսանովի նամակում։
Արմեն Սմբատյանի խափանման միջոցը վերանայելու խնդրանքով դիմել է նաև Սանկտ Պետերբուրգի Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի տնօրեն Իլյա Չերկասովը։ Վերջինս ընդգծում է, որ Արմեն Սմբատյանի անունը հայտնի է ամբողջ աշխարհում, ընդ որում ոչ միայն որպես դիվանագետ և հասարակական գործիչ, այլև որպես հեղինակավոր մշակութային գործիչ։ Նա իր վստահությունն է հայտնում, որ քննությունը կբացահայտի իրականությունը, և դատարանը կընդունի արդար վճիռ։
ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Սանկտ Պետերբուրգի Վ. Ֆ. Կոմիսարժևսկու անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Նովիկովը Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում գրում է.
«Արմեն Սմբատյանի շնորհիվ թատրոնի ներկայացուցիչները ծանոթացել են Հայաստանի թատերական արվեստի երախտավորների հետ՝ Վարդան Աճեմյան, Հրաչյա Ղափլանյան, Խորեն Աբրահամյան, իսկ Ալեքսանդր Գրիգորյանի հետ ես ծանոթ էի և ընկերություն էի անում դեռ ուսանողական տարիներից։
Այսօր մեր թատրոնում աշխատում են մարդիկ, որոնք արյամբ կապված են Հայաստանի հետ՝ դերասանուհի, ռուսաստանյան և արտասահմանյան բազմաթիվ մրցանակների դափնեկիր Աննա Վարդանյան, դերասան, կոմպոզիտոր, թատրոնի երաժշտական մասի ղեկավար Արթուր Մկրտչյան, անվանի նկարիչ Մարինա Ազիզյան… Ես ասում եմ այս ազգանունները, քանի որ Արմեն Սմբատյանը, այցելելով Սանկտ Պետերբուրգ, միշտ հետաքրքրվում էր նրանց ճակատագրով, ուշադրությամբ հետևում էր նրանց ստեղծագործական աճին»։
Վիկտոր Նովիկովը, դիմելով Փաշինյանին, նաև հույս է հայտնում, որ վերջինս կարող է օգնել կալանավորումն ավելի մեղմ և մարդասիրական պայմաններով փոխարինելու հարցում։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակցի Հայկոն, Իվետա Մուկուչյանն ու այլ երգիչ-երգչուհիներ պահանջում են վերանայել Սմբատյանի կալանավորումը
- «Ես տեսել եմ Մաեստրո Սմբատյանի անսահման նվիրումը Հայաստանին, հայկական մշակույթին, մարդկանց ու դասական երաժշտությանը». Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի
- Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին որոշում է կայացվել
- Միխայիլ Շվիդկոյ. Արմեն Սմբատյանին ազատազրկելը երկրի հեղինակության համար լուրջ ռիսկեր է պարունակում միջազգային իրավունքի տեսակետից
- Ստորագրահավաք՝ ի աջակցություն Սերգեյ Սմբատյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան