Ադրբեջանցու կողմից սպանված ԶՄՊԿ պահնորդի իրավահաջորդները համաձայն չեն դատավճռի հետ
Հայաստանի տարածք ապօրինի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի կողմից սպանված ԶՄՊԿ պահնորդի իրավահաջորդները համաձայն չեն դատավճռին, պնդում են՝ դատարանը մեղմ պատիժ է սահմանել։ Վերջիններս բողոքարկել են դատավճիռը՝ պահանջելով ադրբեջանցուն դատապարտել ցմահ ազատազրկման։ Այս մասին գրում է «Փաստինֆո» գործակալությունը։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներթափանցած և ՀՀ քաղաքացի, ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովին մեղավոր էր ճանաչել և դատապարտել էր ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։
Դատավճռի հետ, սակայն, համաձայն չէ տուժող կողմը։ Մելիքսեթյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ալավերդյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով նշանակված պատժի մասով բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և Ախունդովի նկատմամբ որպես պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը։ Փաստաբանն ընդգծում է, որ նշանակված պատիժը համաչափ չէ և չի նշանակվել պատժի նշանակման սկզբունքների համապատասխան, հաշվի չի առնվել ծանրացնող հանգամանքները։
«Միայն ցմահ ազատազրկումը կարող է ապահովել պատժի նպատակները, հատկապես՝ կանխարգելիչ նպատակը»,- նշել է Ալավերդյանը՝ հավելելով, որ բողոքը ներկայացվել է և դեռևս առկա չէ տեղեկություն՝ այն վարույթ ընդունելու վերաբերյալ։
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ վերաքննիչ բողոքը մակագրված է դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժել ադրբեջանցի երկու զինծառայող՝ Ագշին Բաբիրովը և Հուսեյին Ախունդովը։ Նախ հայտնաբերվել և ձերբակալվել էր Ագշին Բաբիրովը, որը հայտնել էր, որ ՀՀ միայնակ չէր ներխուժել։ Մինչ կհայտնաբերվեր մյուս ադրբեջանցին, հայտնի դարձավ ՀՀ քաղաքացու սպանության մասին։
Ապրիլի 12-ին սպանվել է ԶՄՊԿ պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը՝ պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատանքներ իրականացնելիս։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ապա հայտնի դարձավ, որ Կապանի բնակիչների կողմից հայտնաբերվել ու բռնվել է ապրիլի 10-ին ՀՀ ապօրինի ներթափանցած երկրորդ ադբրեջանցին, որի մոտ եղել է նաեւ սպանված պահնորդի հեռախոսը։
Պահնորդի սպանության գործը ՔԿ-ից տեղափոխվել է ԱԱԾ, որտեղ և քննվում էր ադրբեջանցիների կողմից ՀՀ սահմանն ապօրինի ներխուժելու վերաբերյալ քրեական վարույթը։
Ագշին Բաբիրովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու մեղադրանքով և դատապարտվել ազատազրկման՝ 11.5 տարի ժամկետով, իսկ Հուսեյին Ախունդովը մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու և ԶՄՊԿ պահնորդին սպանելու համար՝ դատապարտվելով ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն արձագանքել է ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածին
- Հայաստան ներխուժած ադրբեջանցիները վանդալիզմի գործողություն են իրականացրել Որոտնավանքում
- Հայաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա