«Լույս». Սպասվում է ՀՀ տնտեսական աճի մինչև 7.5% դանդաղում
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից հրապարակված հերթական (2023թ. օգոստոսի) ամսական մակրոտնտեսական վերլուծությունը (обзор)։ Այդ վերլուծությունները հանդիսանում են միջանկյալ հրապարակումներ առավել ընդգրկուն մակրոտնտեսական կանխատեսումների միջև և պարունակում են վիճակագրական տեղեկատվություն ԵԱԶԲ անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։
Ստորև ներկայացվում են վերլուծության Հայաստանին վերաբերող մասի առավել ուշագրավ դրույթները։
.2023թ. հունիս ամսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը էապես նվազել է և կազմել 6.8%՝ մայիսի 13.7%-ի դիմաց։ Ամսական տվյալները ցույց են տալիս, որ վերջին շրջանում ՀՀ տնտեսական աճին առավել մեծ նպաստում ունեցած երկու ոլորտներում՝ ծառայություններում և առևտրում, աճը զգալիորեն դանդաղում է։ Թերևս դա է պատճառը, որ ԵԱԶԲ փորձագետները 2023թ. համար կանխատեսում են ՀՀ տնտեսական աճի դանդաղում մինչև 7.5%։ Ընդ որում, նշվում է, որ այդ տեմպը կապահովվի հիմնականում շնորհիվ առաջին կիսամյակում արձանագրված տնտեսական ակտիվության բարձր տեմպերի։ Հիշեցնենք, որ 2022թ. ՀՀ տնտեսական աճը կազմել էր 12.6%։ Համաձայն կանխատեսման, փաստացի ստացվում է, որ Հայաստանում տնտեսական աճի բարձր տեմպերով ժամանակաշրջանն ավարտվում է։
.Մարդկանց և կապիտալի ներհոսքի կտրուկ աճի հետևանքով ՀՀ դրամը 2022 թվականի երկրորդ եռամսյակի սկզբից առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ արժևորվում է: 2022թ. սկզբի համեմատ 2023թ. հուլիսին դրամի արժևորումը կազմել է. դոլարի նկատմամբ՝ 19.8%, եվրոյի նկատմամբ՝ 21.7%, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ 32.4%։ Իրական արդյունավետ փոխարժեքի առումով դրամը 2022թ. արժևորվել է 33.6%-ով, իսկ 2023թ. հունիսին՝ 2022թ. սկզբի համեմատ` 40%-ով։ Դրամի արժևորումը կարող է բացասաբար ազդել արտահանման մրցունակության վրա՝ առաջացնելով այսպես կոչված «հոլանդական հիվանդություն» (իրավիճակ, երբ արտարժույթի ներհոսքի կտրուկ աճի հետևանքով արձանագրվող ազգային արժույթի գերարժևորումը հանգեցնում է արտադրողների մրցունակության և, ի վերջո, արտահանման նվազման)։ Սպառողների եկամուտների կտրուկ աճն ավելացնում է պահանջարկը «ոչ արտահանելի» ոլորտներում (ներառյալ շինարարությունը և ծառայությունների ու առևտրի զգալի մասը), ինչի հետևանքով ժամանակի ընթացքում ռեսուրսները (ինչպես նյութական ու աշխատանքային, այնպես էլ ֆինանսական) տնտեսության «արտահանելի» ոլորտներից աստիճանաբար տեղափոխվում են «ոչ արտահանելի» ոլորտներ։ Արդյունքում, ժամանակի ընթացքում «արտահանելի» ոլորտների դերը տնտեսությունում կարող է նվազել, իսկ դա որպես կանոն տնտեսական աճի դանդաղման կարևոր պատճառ է (Magud, Sosa, 2010)։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այս հղումով։
Հարակից հրապարակումներ`
- «Լույս». 2022թ. Հայաստանի տնտեսության արտահանման շուրջ 25%-ը կազմել է վերարտահանումը՝ առանց որի արտահանման աճի տեմպը 2 անգամ ավելի ցածր կլիներ
- Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ. հունիսին կրկնակի անգամ դանդաղել է նախորդ ամսվա համեմատ. «ԼՈՒՅՍ»
- ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացվում են խոշոր դրամական միջոցներ․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամն
- 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ռիսկային միջավայր է ձևավորում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
- «ԼՈՒՅՍ». Հայաստանը 2023թ. էներգիայի վերափոխման ինդեքսով նախորդ տարվա համեմատ վարկանիշային աղյուսակում նահանջել է 18 հորիզոնականով
- Կապիտալ ծախսերի կատարողականի հետ կապված խնդիրներն ավելի են խորանում․ «ԼՈՒՅՍ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան