Վաքըֆլըի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Վերափոխման տոնն այս տարի չի նշվել մեծ շուքով
Թուրքիայի Հաթայի նահանգում գտնվող միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևորական Ավետիս Թաբաշյանը խոսել է օգոստոսի 13-ին Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ եկեղեցում անցկացված տոնակատարության մասին: «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, Թաբաշյանը նշել է, որ 2023-ին իրականացված տոնակատարությունը տարբերվել է նախորդներից և աչքի է ընկել ավելի քիչ խանդավառությամբ:
Այս ամենը բացատրվել է 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժով (7.7 մագնիտուդ): Երկրաշարժի հետևանքով բազմաթիվ հայեր կորցրել էին իրենց բարեկամներին և ընկերներին:
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևորականը հավելել է, որ ի տարբերություն անցած տարիների, տոնակատարությունը եկեղեցու խորանում (աղոթատեղի) չի կատարվել, այլ եկեղեցու սրահում:
Նա նաև հույս է հայտնել, որ գալիք տարիներին, ինչպես ժողովրդի շրջանում է հայտնի՝ «խաղողօրհնեքի» տոնը կնշվի մեծ շուքով և ուրախությամբ: