Նոր ուսումնական տարվանից ներդրվելու է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր մոդելը. Մանրամասնում է փոխնախարարը
Նոր ուսումնական տարվանից ներդրվելու է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր մոդելը, որի շրջանակում մի շարք փոփոխություններ են նախատեսվում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի համոզմամբ ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը համակարգային փոփոխություններ է բերել հատկապես ներառական կրթության ֆինանսավորման մոտեցումներում:
Նախարարությունից մանրամասնում են, որ ֆինանսավորման նոր մոդելի ներդրմամբ առաջին հերթին լուծվում է ուսումնական հաստատությունների մատչելիության խնդիրը: Առաջիկա 3 տարիների ընթացքում դպրոցները, որոնցում առկա չեն հարմարեցումներ, մատչելիության ապահովման համար ստանալու են նպատակային ֆինանսավորում՝ 3 մլն դրամի չափով: Գումարը պետք է ուղղվի շենքի միջավայրային պայմանների բարելավմանը:
«Ավելի քան 20 տարի է՝ տարբեր դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն, բայց մեր դպրոցների շենքային պայմանները հիմնականում հարմարեցված չեն, ինչը ներառականության ապահովման լուրջ խոչընդոտ է: Հենց այս խնդրի լուծմանն է ուղղված նոր մոդելի ֆինանսավորումը»,- ներկայացրել է փոխնախարարը։
Հաջորդ բաղադրիչը, որը ևս շատ կարևորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը, խելամիտ հարմարեցումների ապահովումն է: «21-րդ դարում առկա են բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ, որոնց ապահովումը կրթական գործընթացում հնարավորություն է տալիս բարձրացնելու սովորողների մասնակցության մակարդակը և ավելի ակտիվ ներգրավելու դասապրոցեսին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Փոխնախարարի խոսքով՝ ԿԱՊԿՈՒ երեխաների գնահատման գործընթացում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները գնահատելու են ոչ միայն երեխաների մտավոր, հուզական, սոցիալական, ֆիզիկական զարգացման հնարավորություններն ու կարիքները, այլ նաև եզրակացության մեջ հանդես են գալու առաջարկությամբ, թե ինչպիսի խելամիտ հարմարեցումերի կարիք ունի երեխան: Օրինակ, թույլ տեսողություն ունեցող երեխաների համար սեղանին պետք է դրված լինի խոշորացույց կամ համապատասխան լուսավորություն և այլն:
«Գործընթացն իրականացնելու համար կարևոր է գնահատումներն իրականացնել պատշաճ կերպով: Այս նպատակով հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը նախընթաց տարվա ընթացքում իրականացրել է վերապատրաստումներ, մշակվել է մեթոդական ձեռնարկ, ինչը կդյուրինացնի գործընթացը»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակվել է ֆիզիկական միջավայրի հարմարեցման մեթոդական ուղեցույց, որը տրամադրվել է բոլոր հանրակրթական դպրոցներին: Ուղեցույցում ներկայացված է գործիքակազմ, որով հնարավոր է ստուգել, թե ինչ հարմարեցումների կարիք կա դպրոցում՝ հատուկ մասնագիտական գնահատմամբ:
Համընդհանուր ներառական կրթության ներդրման համատեքստում բոլոր դպրոցներում ներդրվել են ուսուցչի օգնականի հաստիքներ, որոնց խնդիրն է աջակցել ուսուցչին, որպեսզի դասը լինի ավելի ինտերակտիվ և մասնակցային:
Ֆինանսավորման նոր բանաձևով դպրոցի սովորողների յուրաքանչյուր 10 տոկոսին մեկ ուսուցչի օգնական է հասնում. օրինակ 100 երեխայի դեպքում դպրոցը կունենա ուսուցչի 1 օգնականի հաստիք:
Սեպտեմբերից հանրակրթական բոլոր դպրոցները, կախված իրենց դասարանների քանակից, ունենալու են հոգեբաններ:
Փոխնախարարը շեշտել է, որ նոր մոդելի ներդրմամբ պետությունն ավելի մեծ ներդրում է կատարում ներառական կրթության ապահովման ուղղությամբ, հստակ սահմանելով, որ խելամիտ հարմարեցման տեսակը և կարիքը որոշվում է երեխայի կրթական կարիքի գնահատման արդյունքում։