Մեկնարկել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը. Խիստ կարևոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնությունը որևէ հնարավոր ուղիով վերսկսի դեպի ԼՂ
Մեկնարկեց Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը։
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի գործառնությունների և շահերի պաշտպանության տնօրեն Էդեմ Վոսորնուն հայտարարեց, որ գրասենյակն այս պահին հնարավորություն չունի անկախ կերպով ստուգելու մարդկանց տեղաշարժը տարբեր ուղղություններով, այդ թվում նաև Լաչինի միջանցքով, հնարավորություն չունեն տեղեկանալ բնակչության վիճակին այն այն բնակավայրերում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղսպահները։
Նա նշեց, որ ստացված տեղեկությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղում առկա է պարենի, դեղորայքի անբավարարություն, չկա գազամատակարարում, էլեկտրաէներգիայի մատակարարում, որն անհրաժեշտ է կարևորագույն ենթակառուցվածքների աշխատանքի համար։ Տեղյակ են նաև կարևոր առողջապահական ծառայությունների դադարեցման մասին։
«Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը կանոնավոր կապի մեջ է ԿԽՄԿ-ի հետ, որը միակ միջազգային կազմակերպությունն է, որը կարողանում է մուտք գործել այդ տարածք։ Հուլիսի 25-ին հայտնած տեղեկությունների համաձայն, չեն կարողացել Լաչինի միջանցքով, ինչպես նաև այլ ճանապարհով, այդ թվում Աղդամի ճանապարհով մարդասիրական օգնություն տեղափոխել ու հասցնել բնակչությանը։ ԿԽՄԿ-ն չի կարողացել բժշկական պարագաներ հասցնել տարածք հուլիսի 7-ից, պարեն՝ հուլիսի 15-ից»,-նշեց նա։
ՄԱԿ ներկայացուցիչն ընդգծեց, որ մարդասիրական իրավունքը շատ հստակ է՝ կողմերը պարտավոր են թույլ տալ ու ապահովել մարդասիրական օգնության արագ ու անխոչընդոտ անցումը բոլոր այն քաղաքացիական անձանց համար, որոնք դրա կարիքն ունեն։
«Կարևորն այն է, որ անցումը լինի հնարավորինս արագ այս հանգամանքներում։ Ուստի խիստ կարևոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնությունը որևէ հնարավոր ուղիով վերսկսի»,-ասաց նա։
Էդեմ Վոսորնունը հիշեցրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ կողմերը պարտավոր են չխոչընդոտել ու չքաղաքականացնել մարդասիրական որևէ գործունեություն։
«Մեր գրասենյակը շարունակելու է աշխատել կողմերի հետ, որպեսզի բավարարվեն այս տարածքում ապրող քաղաքացիական անձանց կարիքները»,-ասաց գրասենյակի ղեկավարը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան