Գործադիրը պիլոտային ծրագրով բաժնետոմսերով կմասնավորեցնի Հանրապետության հրապարակի հայտնի փոստի շենքը
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց պիլոտային նոր ծրագրի շրջանակներում բաժնետոմսերով մասնավորեցնել Հանրապետության հրապարակում գտնվող փոստի հայտնի շենքը:
Ըստ նախագծի՝ պիլոտային ծրագրի առաջին փուլով նախատեսվում է ՀՀ սեփականությունը հանդիսացող ք.Երևան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող 7809,9 քառ.մ մակերեսով շենքի և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասի (շենքի զբաղեցրած 0,262 հա հողամասի և ընդհանուր oգտագործման տարածքների նկատմամբ սեփականատերն ունի 78099/81153 բաժնային սեփականության իրավունք) ներդրմամբ ստեղծել «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ն, որը հետագայում կմասնավորեցվի ֆոնդային բորսայի միջոցով:
Պիլոտային ծրագրի հաջորդ փուլերով նախատեսվում է նոր ստեղծված ընկերեությունն ընդգրկել մասնավորեցման ծրագրում: Ընդ որում, ընկերությունը մասնավորեցման ծրագրում ընդգրկվելու աշխատանքներին զուգահեռ պետք է կատարվեն նաև այլ աշխատանքներ՝ կապված գույքի գրավչության բարձրացման հետ։ Խոսքը ներդրումային նախնական ծրագրի մշակման, քաղաքաշինական, կոմունիկացիոն (ջրամատակարարում և ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում) սահմանափակումների, ինչպես նաև ենթակառուցվածքի ստեղծման կամ բարելավման հետ կապված խնդիրների լուծման մասին է։
Հիմնավորման մեջ ասվում է. «Ք.Երևան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքն իրենից բացառիկ արժեք է ներկայացնում իր տեղակայման, պատմական և մշակութային հուշարձան լինելու, ինչպես նաև շքեղ ճարտարապետության շնորհիվ։ Շենքի դիմային մասն ամբողջությամբ և կողային մի մասը սրբատաշ տուֆ է, ճարտարապետական բացառիկ լուծումներով, զարդաքանդակներով, ազգային զարդանախշերով և խոյակներով։ Սակայն շենքի ներքին հարդարումը գտնվում է մեղմ ասած անմխիթար վիճակում և ունի կապիտալ վերանորոգման և ժամանակակից լուծումներով արդիականացնելու անհրաժեշտություն։ Այս ամենն իրականացնելու համար պահանջվում են խոշոր ֆինանսական միջոցներ, ինչը նախատեսվում է իրականացնել ոչ պետական միջոցների ներգրավմամբ։
Շենքի պահառությունն ու սպասարկումն ապահովելու նպատակով պետությունը տարեկան ծախսում է մոտ 33 մլն.դրամ։2023թ. հուլիսի 10-ի դրությամբ գնահատման արդյունքում ք.Երևան Նալբանդյան 28 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է 16,913,200.0 հազ.դրամ, ինչն էլ ընկած է նոր ստեղծվող ընկերության կանոնադրական կապիտալի հիմքում։
Շենքի տեղակայումը և արտաքին տեսքն ապահովում են գույքի բարձր արժեքը։ Սակայն շենքի բարձր արժեքը կարող է խոչընդոտել մեծաթիվ ներդրողների, որոնք ի վիճակի չեն լինի ներդնել շուրջ 17 մլրդ. դրամ գումար և գնել շենքը, այնուհետ՝ լրացուցիչ ներդրումներով իրականացնել վերանորոգման աշխատանքներ։ Մինչդեռ, եթե հնարավորություն ստեղծվի փոքր ներդրողների համար՝ շատերը կցանկանան որոշակի բաժնեմաս ձեռք բերել։ Մեծաթիվ ներդրողներ ներգրավելու արդյունքում գույքի շուկայական արժեքը կարող է բարձրանալ։
Բաժնետիրական ընկերությունը որպեսզի կարողանա իրականացնել անհրաժեշտ ներդրումները անշարժ գույքը գրավիչ դարձնելու նպատակով, պետք է թողարկի արժեթղթեր ներդրումային ծրագրի չափով։ Շենքի ապագա լավագույն և արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է բարձրակարգ խորհրդատվական ծառայություն, որից հետո պետք է իրականացնել նախագծման աշխատանքներ։ Հաշվի առնելով մինչև շինարարության սկիզբը պահանջվող ծառայությունների շուկայական գները անհրաժեշտ կլինի թողարկել արժեթղթեր (միգուցե պարտատոմս), որպեսզի ընկերությունը պետական բյուջեի համար լրացուցիչ ծախսեր չառաջացնի։
Սույն նախագծով նախատեսվում է նաև շենքում վարձակալ համարվող ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից և ՀՀ կադաստրի կոմիտեից հետ վերցնել համապատասխան տարածքները և ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ Կոմիտեի հետ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ կնքած պայմանագրերը լուծել»։
Հարակից հրապարակումներ`
- Սևանում ձկան որսն օրենքից դուրս անհնար է լինելու. Փաշինյան
- Մենք նաև վարորդների վարորդական խախտումների հետագիծն ենք դուրս բերել. Փաշինյանը՝ Լանջիկի ողբերգական վթրի մասին
- Բյուջեից 2 մլրդ 624 մլն դրամ հատկացվեց 60.7 կմ ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար
- Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պետք է դիտարկել.Նիկոլ Փաշինյան
- Գործադիրը կփոխհատուցի 2022 թ-ի սեպտեմբերի 13-ին առաջնագծում զոհված ինժեներական աշխատանք կատարողի հարազատներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան