Ես խոսում եմ հազարավոր մայրերի անունից․․․ սարսափելի է․ Շուշիից տեղահանված Ալվինա Ներսեսյան
«Ես խոսում եմ 120 000 մարդու և հազարավոր մայրերի անունից, որոնք անհավասար պայքար են տանում այն իրականությունում, որում հայտնվել ենք»,- այս մասին Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վերաբերյալ արտակարգ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Շուշիից տեղահանված Ալվինա Ներսեսյանը՝ շարունակելով․
«Ամեն օր հոգալ երեխաների համար հացի խնդիրը, քանի որ ամեն առավոտ վստահ չես, որ կարող ես ձեռք բերել, վստահեցնում եմ՝ սարսափելի է։ Մեր երեխաներն արժանի չեն այս վերաբերմունքին, որին ականատեսն ենք»։
Նա պատմեց, որ 44-օրյա պատերազմից հետո Շուշիից բռնի տեղահանվել է։ Այժմ ապրում է Ստեփանակերտում և ամեն օր բախվում է հաց ունենալու խնդրին։
«Ես չեմ խոսում ճոխ ուտելիքի մասին, այլ խոսում եմ՝ սովորական հաց ունենալու մասին։ Այն հերթերը, որոնք ունենում ենք հացի կետերում, սարսափելի է։ Նույնիսկ այս պարագայում վստահ չես, որ քո հերթը կհասնի , քանի որ հացի քանակը շատ քիչ է։ Որդիս երկու օր առաջ 4 ժամ կանգնել էր հացի հերթում և դատարկաձեռն եկել տուն։ Ասաց՝ մամ, կներես, բայց ինձ հերթ չի հասել, հաջորդ օրն ավելի շուտ կգնամ։ Սա այն իրականությունը չէ, որ ցանկացած մայր կակնկալեր իր երեխայի համար»,- պատմեց Ալվինա Ներսեսյանը։
Հարցին,թե արդյո՞ք Արցախում իսկապես ամեն ինչ վատ է, Ներսիսյանն արձագանքեց․ «Եթե ասում եմ ՝ վատ է, ուրեմն՝ շատ վատ է։ Մեր երեխաները զրկված են ամեն ինչից՝ քաղցրավենիքից, մրգերից, ուրախ տոնակատարություններից և այլն։ Նրանք փոքր են և շատ բաներ չեն հասկանում, չեն հասկանում նաև խանութների այն դատարկությունը, որը տիրում է Ստեփանակերտում»։
Նա նաև տեղեկացրեց, որ Շուշիից տեղահանվածները կապ ունեն միմյանց հետ առցանց հարթակում և նրանցից շատերը ցանկություն ունեն վերադառնալ Արցախ, սակայն խնդիրները շատ են՝ սկսած ճանապարհների փակ լինելուց, վերջացրած՝ սոցիալական պայմանների բացակայությունից։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն օրը կարևոր է մարդկանց կյանքը փրկելու համար․ ԱՀ ՄԻՊ
- Հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և Ստեփանակերտի ճանապարհների միջև անթույլատրելի է․ ԱՀ ԱԳ նախարար